Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր երկօրյա այցով Արցախ մեկնեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
ՏԿԱԻ նախարարը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանի, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանի և այլ անձանց հետ: Կքննարկվեն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգի, համայնքների կայուն զարգացման, միգրացիոն հոսքերի կառավարման, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման հարցեր: