Հայաստան տեղափոխեցին Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 20-ին, ժամը 10.05-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Տիգրան Կ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 5-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 365 հոդվածի 1-ի մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Տեղեկատվության համար նշենք, որ ՀՀ քր. օր.-ի 365 հոդվածի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 1-ի մասը սահմանում է.
«Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել