ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննության նախնական տվյալներով փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթևեկելու գոտուց և բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք քաղաքացիները գտնվում են բժշկական կենտրոններում։
Վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև ավտոմեքենայի ուղևորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է. Նա կասկածվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական-դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: