55-ամյա Սիրանուշ Եսայանը պաշտպանության նախարարություն N զորամասի թերապիայի բաժանմունքի օրդինատոր-գաստրոէնտերոլոգ է եղել և կաշառքի դիմաց փորձել է ժամկետային զինծառայողին պահել ստացիոնար բուժման բաժանմունքում, և նրան հնարավորություն տալ սիմուլյացիայով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, այնուհետև ազատվել զինծառայությունից: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության` Սիրանուշը համաձայնության եկել ոմն Աննա Մեհրաբյանի միջոցով յուրքանչյուր ամիս 200 հազար դրամ կաշառքի դիմաց ժամկետային զինծառայողին պահել թերապիայի բաժանմունքի ստացիոնարում: սիրանուշը տեղյակ է եղել, որ զինծառայողը նպատակ ունի հոսպիտալ տեղափոխվելու և որևէ հիվանդություն ձևացնելու` սիմուլյացիայի միջոցով այնտեղ մնալու և այդպիսով խուսափել զինվորական ծառայությունից: Եվ թերապիայի բաժանմունքում պահելու, այնուհետև հոսպիտալ տեղափոխելու գործընթացը հեշտացնելու համար Սիրանուշը խորհուրդով զինծառայողի տեղափոխումը կազմակերպել շտապօգնության բրիգադի միջոցով` «Հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ: Այսպիսով Սիրանույշը կաշառքի դիմաց օժանդակել է զինծառայողի բանակից վերջնականապես ազատվելուն: Եվ միջնորդ Աննայից ստացել է 140000 դրամ և 62 000 դրամին համարժեք 150 դոլար կաշառք:
Այս գործով ամբաստանյալ է անցնում նաև Աննա Մեհրաբյանը: Համաձայն մեղադրական եզրակացության` Աննան իր գործողություններով նպաստել է կաշառք տվողի` զինծառայողի մոր` Մարինե Ասլանյանի և կաշառք ստացող՝ պաշտոնատար անձ Սիրանուշի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և արդեն կայացած համաձայնության իրականացմանը։
Երրորդ ամբաստնյալը կաշառք տվողն է ` զինծառայողի մայր Մարինե Ասլանյանը: Համաձայն մեղադրական եզրակացության` նա միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք է տվել պաշտոնատար անձի և դրդել որդուն զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու համար կատարել է սիմուլյացիա։
Չորրոդ ամբաստնյալը հենց զինծառայողն է, ով հիվանդություն ձևացնելու միջոցով փորձել է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Սիրանուշի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, իսկ մյուս երեք ամբաստանյալների հանդեպ` ստորագրությունը` չհեռանալու մասին: Գործը քննվում է Արաբակիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:
Հ.Գ. Ամբաստնյալների անունները փոխված են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: