«Այսօր ամենաարդիական խնդիրը ամուսնալուծությունից հետո կնոջ փողոցում հայտնվելն է». փաստաբան

Ամուսնալուծության ժամանակ սեփական իրավունքների մասին անտեղյակությունը հանգեցնում է մի շարք խնդիրների: Ոմանք կարծում են, որ կարող են սեփականացնել այն, ինչ ցանկանում են, սակայն իրականությունն իրավական ոլորտում այլ է:

Փաստաբան Անուշ Մաղաքյանի խոսքերով՝ անկախ այն հանգամանքից, թե ամուսիններից ում սեփականության իրավունքն է գրանցված ամուսնության ընթացքում նրանց ձեռքբերած գույքի նկատմամբ, այն համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Ամուսինների համատեղ սեփականությունը, այնուամենայնիվ, չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն:

Իսկ ինչ վերաբերում է երեխաների նկատմամբ խնամքին, ապա տվյալ պարագայում հաշվի է առնվում ամուսիններից մեկի անաշխատունակ և գույքային վատ դրության մեջ լինելը, ինչպես նաև կենսական այլ հանգամանքներ:  Համատեղ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման շուրջ ծագող հասարակական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով:

Ինչպես Իրավաբան.net-ին փոխանցեց տիկին Մաղաքյանը՝ ՀՀ Քաղացիական օրենսգիրքը տալիս է որոշակի սահմանափակումներ, եթե նախկինում ամուսնացած զույգը ցանկանում էր ամուսնալուծվել, գույքը հավասար բաժանանվում էր երկու մասի, տրվում էր գումար երեխաներին պահելու և նրանց ծախսերն ապահովելու համար, սակայն ներկայումս իրավիճակն այլ է. «Այսօր կա խնդիր որին շատ հաճախ բախվում ենք, այն է՝ երբ ամուսնալուծության ժամանակ կինը, որը եկել է բնակվելու ամուսնու հայրական տանը, ունեցած գույքն էլ նվիրել է կամ վաճառել համատեղ կյանքի ընթացքում, ապա նա այդ պահին մնում է ձեռնունայն: Այսինքն՝ ստացվում է մի վիճակ, երբ երկար տարիներ ապրելով ամուսնու տանը նա հայտնվում է դրսում`դատարկ եկել է, դատարկ գնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա առաջարկում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել. «Թող սահմանափակումները լինեն, բայց նաև թող լինի այնպես, որ կինն իմանա ամուսնալուծվելուց հետո ո՞ւր է գնում, եթե կան անչափահաս երեխաներ, ապա ի՞նչ միջոցներով է նրանց խնամելու, այսինքն`ալիմենտի բռնագրավման կարգը հստակ սահմանվի: Եթե ամուսնալուծության ժամանակ մենք` փաստաբաններս, կնոջ կողմից ենք հանդես գալիս, չենք կարողանում այնպիսի լուծում տալ խնդրին, որ նա չմնա փողոցում: Թերևս ամենամեծ բացն ու պրակտիկ խնդիրը նման դեպքերում կնոջ հետագա դրության հարցն է»,- ասաց փաստաբանը:

Լիլիթ Շաբոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել