Կնոջ ղեկավարությամբ անչափահասները քաղաքացիներից գումար են հափշտակել

2013 թվականին Քնարիկ Մ.-ն, իմանալով իր ընկերոջ՝ Ջանիկ Ս.-ի անչափահաս լինելու մասին, նախապես հանցավոր համաձայնության գալով վերջինիս և նրա ընկերոջ` անչափահաս Լյովա Հ.-ի հետ, կազմակերպել, այնուհետև ղեկավարել է նրանց կողմից ավազակային հարձակումների կատարումը` դրանով իսկ անչափահասներին ներգրավելով առանձնապես ծանր հանցագործության կատարմանը:

2013թ. նոյեմբերի Քնարիկ Մ.-ն երկու անչափահասների հետ գնացել է արևածաղիկ վաճառող տարեց կնոջ տան մոտ, ցույց տալով տնակի տեղը սպասել է տաքսի մեքենայի մեջ, իսկ Լյովա Հ.-ն և Ջանիկ Ս.-ն մոտեցել են կնոջ տնակին, թակել դուռը, խաբելով Պողոսյանին` արևածաղկի սերմեր գնելու պատրվակով, ապօրինի մուտք են գործել տնակ և նրան կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ավազակային հարձակմամբ հափշտակել են վերջինիս գույքը: Լյովա Հ.-ն անգամ հարվածել է տուժողի դեմքին:

Բացի այդ, Քնրարիկ Մ.-ի ցուցումով այս անչափահաս տղաները ևս 3 տուն են մտել, բռնություն գործադրել բնակիչների նկատմամբ ու գողություն կատարել:

Դատարանում ամբաստանյալ`Քնարիկ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանին ցուցմունքներ տվել, որ ինքը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ջանիկ Ս.-ի հետ և միասին բնակվել են վարձով: Ջանիկը աշխատել է շինարարությունում: Ջանիկի անչափահաս լինելու մասին իմացել է, նրանց տուն գնալ-գալու ժամանակ: Մինչ այդ Ջանիկի հայրը իրենց չի ասել, որ Ջանիկը անչափահաս է:

Հետո Ջանիկը իրենց տնակ է բերել իր ընկերոջը` Լյովային ծանոթացրել և ասել է, որ մի քանի օր իրենց հետ է ապրելու և հետո պետք է գնա ՌԴ: Լյովայի անչափահաս լինելու մասին ինքը չի իմացել: Լյովան սկսել է իրեն ստիպել, որ ասի, թե իրենց թաղում, ով է տոկոսով փող տալիս: Հետո Լյովային միացել է նաև Ջանիկը և նրանք իրեն ստիպել են, որ ինքը ցույց տա թե թաղում որ միայնակ կինը փող ունի, որ գնան փող ուզեն: Ինքը ցույց է տվել: Նա նաև պնդել է, որ Ջանիկը և Լյովան կրկին իրեն ստիպել, որ ուրիշ նման տներ ցույց տա, նա ստիպված արել է:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ` Լյովա Հ.-ն նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց, պնդել նախաքննական ցուցմունքը և ավելացրել, որ իր ընկեր Ջանիկը իր հետ գողություն չի արել, որևէ մեկին չի ծեծել, ինքը մենակ է արել: Նույնը ասել է Ջանիկը:

Առաջին ատյանի դատարանն այս գործով վճռել է Քնարիկ Մ .-ին դատապարտել ազատազրկման 8 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց անձնական գույքի բռնագրավման: Ամբաստանյալի անչափահաս երեխայի խնամքը հանձնվել է նրա մորը: Նույն պատժին են արժանացել նաև Ջանիկ Ս.-ն ու Լյովա Հ.-մ:

Դատավճռով ամբաստանյալների տնտեսություններից համապարտության կարգով հօգուտ տուժողների որպես հանցագործության պատճառված վնասի հատուցում է նշանակվել 354 000 ՀՀ դրամի չափով գումարը: Ամբաստանյալներից Ջանիկ Ս.-ի փաստաբանը վերաքննիչ բողք է բերել: Դատարանը որոշել այն մասնակիորեն բավարարել՝ փոփոխելով միայն պատիժը՝ դարձնելով այն 8 տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել