Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Երկուստեք կարեւորվել է ՀԱՊԿ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների հետագա համագործակցության շարունակականությունը:
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում տիրող իրադրությունը? կարեւորելով բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ինչը ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության ղեկավարի դիտարկմամբ? առանցքային ցուցիչ է միջազգային անվտանգության ամրապնդման հարցում:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը? ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ անթույլատրելի է համարել խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ:
Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակի տարում միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համար ակտուալ թեմաներից մեկը հանդիսանում է ահաբեկչության եւ նացիզմի բոլոր դրսեւորումների կանխարգելումը:
Լուսանկարը՝ parliament.am-ի: