Սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով` քննադատելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ չճշտված լուրեր են տարածված, թե Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ խուսափել է հարկեր մուծելուց, քողարկել է բազմաթիվ քրեական հանցագործություններ՝ հանձնարարելով համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել ստուգելու այդ տեղեկությունները` ավելացնելով, որ նա հրավիրելու է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ իրավապահների հետ քննարկելու է, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:
Այս ելույթից հետո իրավապահ մարմինները սկսել են հետապնդումներ իրականացնել ԲՀԿ անդամների և նրանց մերձավորների նկատմամբ: Ոստիկանության աշխատակիցները փետրվարի 16-ին այցելել են ԲՀԿ-ի պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն և փնտրել վերջինիս որդուն, ով 2014թ. սեպտեմբերից ներգրավված է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ։ Նա կալանավորվել էր 2014թ. սեպտեմբերի 16-ին, իսկ նոյեմբերի 13-ին ազատ արձակվել։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանին պատկանող հյուրանոցում ոստիկաններ են այցելել և տեղազննություն կատարել։
ԲՀԿ-ի Արաբկիր համայնքի ներկայացուցիչ Արման Չատինյանը ոստիկանություն է բերման ենթարկվել ալկոհոլի ազդեցությամբ տանը իրեր կոտրելու համար:
ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով։
«Սա ընտրովի արդարադատության բացահայտ դրսևորում է, երբ ընդդիմադիրները հետապնդվում են, իսկ յուրայինները՝ հովանավորվում։ Նման պատկեր էր Վրաստանում՝ Սահակաշվիլիի ռեժիմի ներքո. իշխանություններին հակադրվելու պատճառով հարյուրավոր մարդիկ դատապարտվել էին, զրկվել իրենց բիզնեսից։ Նոր ընտրված իշխանությունները 180–ից ավելի անձանց ճանաչեցին քաղաքական բանտարկյալներ, բայց նույն արատավոր պրակտիկան շարունակվեց, ինչի համար միջազգային կառույցները բազմիցս քննադատել են Վրաստանի նախորդ և ներկա իշխանություններին։ ՀՀ իշխանությունների օրերս սկսված լայնամասշտաբ գործողություններն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում»,- նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանը։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն գտնում է, որ իշխանության կողմից որդեգրված նման քաղաքականությունը ընտրովի արդարադատություն է, ինչը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության կարևորագույն սկզբունքները` իրավունքի և օրենքի գերակայության և օրենքի առջև հավասարության սկզբունքները: Նախկին և ներկա հանցագործությունները` անկախ դրանց կատարման մեջ մեղավոր անձանց քաղաքական պատկանելությունից, պետք է հետաքննվեն և բացահայտվեն, և դա պետք է հանրության կողմից ընկալվի որպես անաչառ, անկողմնակալ և թափանցիկ հետաքննություն:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ