Դաժան ծեծի ենթարկված ակտիվիստը շարունակելու է կանգնել ԲՀԿ առաջնորդի կողքին և պայքարել հանուն արդարության

Դաժան ծեծի ենթարկված ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանը երեկ է հիվանդանոցից դուրս գրվել ու դեռևս առողջական լուրջ խնդիրներ ունի, բժիշկների հսկողության տակ է մինչ վերջնական կազդուրումը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ միջադեպից հետո էլ իր սկզբունքները և իր մոտեցումները չեն փոխվել. «Փոքր և միջին ձեռնարկատետերին եմ դիմում, ես շարունակելու եմ պայքարել այդ օրենսդրության դեմ: Իմ կյանքում, իմ գործողություններում ոչինչ չի փոխվել»:

Ակտիվիստը անդրադարձավ նաև իր կուսակցական լինելու հարցին և վերջին ներքաղաքական իրադարձությունները նկատի ունենալով, ասաց. «Ես ինձ ԲՀԿ գաղափարական մարտիկ եմ համարում և շարունակելու եմ մնալ այդ կուսակցության անդամ: Պատրաստ եմ ամենածանր աշխատանքը կատարել` ԲՀԿ շահերը սպասարկելու համար: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյան անձին, ապա ես նրա կողքին եմ կանգնած և շարունակելու եմ նրա կողքին կանգնել»:

Ինչ վերաբերում է փետրվարի 7-ին իրեն առևանգելուն և դաժանաբար ծեծի ենթարկելուն, ապա Ա. Խաչատրյանը մանրամասներ հայտնել չկարողացավ, միայն նշեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննություն է կատարվում և կան գաղտնի տվյալներ, իսկ որոշ մանրամասներ էլ անհայտ են, ամեն ինչ պարզ կլինի գործի քննության ավարտից հետո:

«Ես օրինապահ ՀՀ քաղաքացի եմ և ակնկալում եմ գործի բացահայտում: Չեմ կարող դեռևս կասկածի տակ դնել մեր իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը, ամեն ինչ կպարզվի, երբ քննության արդյունքը կլինի»,- Ա. Խաչատրյանը հույս հայտնեց նաև, որ կատարված հանցագործության բացահայտման հարցում քաղաքականությունը տեղ չի ունենա և մեղավորը` անկախ իր կուսակցական պատկանելիությունից, հասարակությունում ունեցող կշռից և այլ հանգամանքներից, համապատասխան պատասխանատվության կենթարկվի:

Օրեր առաջ առաջ քաշվեց այն վարկածը, թե Ա. Խաչատրյանին առևանգելուց հետո նրան տեղափոխել են «Տեցի կռուգ» հայտնի տարածքում տեղակայված նախկին «Հայկոոպի» բազայի տարածք, որտեղ այժմ գործում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերասալ բազա» ՍՊԸ-ի տարածք, որտեղ էլ ծեծի են ենթարկել:

Սրա վերաբերյալ Ա. Խաչատրյանը հայտնեց, որ ինքը ներկա է գտնվել վերոհիշյալ տարածքում խուզարկության գործողությանը և հերքել է, թե ինքը գտնվել է այդ տարածքում:

Իսկ ինչ վերաբերում է մեքենային, որով առևանգել են նրան, Արտակ Խաչատրյանը այս մասին ևս տեղեկություններ չուներ, միայն ասաց, որ մեքենայի համարանիշները գրանցված չեն եղել:

Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին 07.02.2015թ -ին, ժամը 12:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտից առեւանգել էին «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենայով ու տարել անհայտ ուղղությամբ` այդ ընթացքում դեն նետելով Արտակ Խաչատրյանին պատկանող հեռախոսները։ Մի քանի ժամ առանձնացված վայրում պահելուց եւ դաժան ծեծի ենթարկելուց հետո, նրան ազատ էին արձակել մեկ այլ վայրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել