ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծի համաձայն՝ պետք է ստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդ, որի կազմում նախատեսվում է ընդգրկել 2 ՀԿ ներկայացուցիչներ։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Իրավական ծրագրերի ղեկավար Գևորգ Հայրապետյանի խոսքերով՝ 2 տեղը շատ քիչ է հասարակության կարծիքի արտահայտման տեսանկյունից։ Նա փոխանցեց, որ տվյալ պարագայում ՀԿ-ները ստիպված կլինեն հասարակական ճնշման միջոցով հասնել արդյունքի։
«Խորհուրդը ինքնին չունի լուրջ լիազորություններ։ Ավելի կարևոր է, որ խորհուրդը կարողանա լավ հանձնախումբ ձևավորել։ Նախատեսված է, որ խորհրդի ղեկավարը վարչապետն է լինելու։ Հիմնականում պետական մարմինների ներկայացուցիչներից կազմված այս խորհրդի պարագայում երկու խնդիրներ կարող են առաջանալ՝ առաջին, որ խորհուրդը որևէ լուրջ քայլի չի գնա, քանի որ մեծամասնությունը պետական մարմինների ներկայացուցիչներ են, ՀԿ-ների ասածին բանի տեղ չեն դնի։ Տվյալ պարագայում, խնդիրը հանրային ուշադրության կենտրոնում պահելու միջոցով կարելի է լուծել։ Մյուս ռիսկը, երբ խորհուրդը դիպուկ եզրակացություններ անի, իսկ պետական մարմինները դա հաշվի չառնեն, ինչը քիչ հավանական է, որովհետև տրամաբանությունից դուրս է, որ իրենք՝ պետական մարմինների չընդունեն իրենց իսկ ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնության քվեարկության արդյունքում ձևավորված եզրակացությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Մինչ այս ՀԿ-ները արդարադատության նախարարության բազմաթիվ խորհուրդներով են հանդես եկել։ Գևորգ Հայրապետյանը փոխանցեց, որ ԻԱԿ-ի դիրքորոշումը համընկնում է ՀԵԻԱ-ի առաջարկներին․ «Այն սկզբունքային հարցերը, որոնք մենք վեր ենք հանել մերժվել են առարկելի պատճառաբանությամբ, այսինքն՝ այնպիսի բան են ասում, որ դրա դեմ դժվար է առարկել։ Դրանց կարևորությունը նրանք չեն հերքում, բայց միևնույն ժամանակ նշում են, որ ներկայումս Հայաստանը նման ռեսուրսը չունի, օրինակ՝ հանրային խորհրդի նիստին ասացին, որ հարյուր միլիոն գումար է պետք, որ անկախ մարմնի ստեղծումը սկսեն նախաձեռնել, հասկանալի է, որ պետությունն այդ գումարները չունի։ Մնացած բոլոր առաջարկությունները մեծ հաշվով դեռևս չգիտենք՝ ընդունվել են, թե ոչ։»։
Գևորգ Հայրապետյանը նաև կարևոր համարեց ռազմավարության մեջ ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտի ներդրման խնդիրը․ «Մեծ հաշվով ներկայումս աշխատանքներն այն փուլում են, որ սկզբունքորեն կարևոր է դարձել հանձնախմբի ստեղծումը, այն առաջարկները, որոնք գլոբալ էին, դրանք առկախվել են, այն առաջարկները, որոնք նվազ նշանակություն ունեն, դրանց ընդունման մասին տեղեկություն չունենք»,- եզրահանգեց Գևորգ Հայրապետյանը, ով, որպես ԻԱԿ-ի ներկայացուցիչ, վերջերս ներկա է եղել ՀԿ ներկայացուցիչների հետ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի ունեցած հանդիպմանը:։