ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը հաստատելու համար ստեղծելվելու է խորհուրդ: Իրավաբան.net-ի հետ զրույցում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը նշեց, որ Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է ուժեղ, անկախ մարմին. «Եթե Կառավարությունը ստեղծելու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը ղեկարվելու է վարչապետը և՛ իր անդամների մեջ կունենա, և՛ պետական ապարատի ներկայացուցիչներ, և՛ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, և՛ ՀԿ-ներ, դժվար թե նման մարմին կարողանա արդյունավետ աշխատի որպես որոշումների կայացման հարթակ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս մարմինն ավելի շատ խորհրդատվական բնույթ է կրելու. «Իր կառուցվածքից կարելի է նման ենթադրություն անել: Չէ՞ որ ասացվածք կա. «Եթե ուզում ես խուսափել դժվար որոշում կայացնելուց՝ ստեղծի՛ր հանձնաժողով»: Այնպես, որ ըստ էության այս խորհուրդը՝ ո՛չ կկարողանա ընդունել պետքական որոշումներ, ո՛չ էլ իրականացնել դրանք: Իսկ եթե ստեղծվում է լոկ խորհրդատվական մարմին, ապա հիշեցնեմ, որ դրա փորձը ունեցել ենք նախկինում, երբ ամիսներով, տարիներով նիստ չէր լինում, իսկ կայացած նիստերն էլ անարդյունավետ էին: Միայն նշեմ, որ վերջի նիստին, որը կայացել է 2012թ. դեկտեմբեր ամսին, շատ ՀԿ-ներ էին հրավիրված, տարբեր կարծիքներ էին հնչել, բայց, ցավոք սրտի, նոր մարմնում ընդկրկված են լինելու ընդամենը երկու ՀԿ-ներ, բացի այդ նախատեսված չեն դռնբաց նիստեր»,- փոխանցեց միջազգային փորձագետը:
Դիտարկելով Հայաստանի չհաջողված փորձը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան երկու կարևոր հանգամանք է մատնանշում՝ պայքարի արդյունավետությունն ապահովելու համար, դրանք են՝ անկախություն և լիազորություն. «Մինչդեռ ներկայումս ստացվում է, որ դերակատարություն ունեցող պետական մարմինները կամ լիարժեք անկախ չեն, կամ էլ շատ թույլ են իրենց լիազորություններով: Կառավարությունը նոր, անկախ և ուժեղ մարմին ստեղծելու փոխարեն, կարծես թե անցյալի չհաջողված փորձն ուզում է կրկնել»,- ասաց պարոն Ուլբրիխտը:
Փորձագետը նաև կարծիք հայտնեց հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի մասին. «Այն ինստիտուտների բարեփոխման տեսանկյունից շատ թույլ է: Չի նախատեսում լուրջ փոփոխություններ, անգամ չի ընդունում ապագայում անկախ մարմնի ստեղծման անհրաժեշտությունը: Խոսքը միայն իրավապահ միջոցների կիրառման մասին չէ: Միջազգային փորձը ցույց է տալիս որ այն զարգացող երկրներում, որտեղ անկախ մարմին հաջողությամբ գործում է, օրինակ՝ Սինգապուր, Չինաստան, մասնավորապես՝ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանում, այդ կառույցները նաև զբաղվում են հասարակության, հատկապես՝ երիտասարդության մեջ սերմանելով հակակոռուպցիոն գաղափարներ: Սա շատ լուրջ, ծավալուն և երկարատև գործառույթ է, որը պետք է իրականցնել դպրոցներում, բուհերում և պետական մարմիններում: Սակայն անգամ այս խնդիրը ռազմավարությունը նախագծողները չեն գիտակցում»,- եզրահանգեց պարոն Ուլբրիխտը: