Վերաքննիչ դատարանը ավելորդ օղակ է, համոզված է քրեական գործերով փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, իսկ քաղաքացիական գործերով փաստաբան Գևորգ Գյոզալյանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն որակապես ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում քան առաջին ատյանի շատ դատարաններից շատերը:
Լիպարիտ Սիմոնյանի խոսքերով` հաճախ Վերաքննիչ քրեական դատարանն առաջին ատյանի դատավճիռը թողնում է անփոփոխ, սակայն չի թվեարկում գոնե մեկ պատճառաբանություն. «Ուղղակի «copy-past»-ի տարբերակն է լինում, որ առաջին ատյանի դատավճիռը արտատպվում է, քո բողոքի բովանդակությունը արտատպվում է և վերջում ընդամենը երկու տողով գրվում է, որ հիմքեր չկան բավարարելու կամ ենթակա է մերժման»,- ասաց մեր զրուցակիցը:
Քաղաքացիական գործերով փաստաբան Գևորգ Գյոզալյանը, մեկնաբանելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործառույթներն ու այն կարծիքը, որ երկաստիճան դատական համակարգն ավելի արդյունավետ կգործեր, փոխանցեց. «Ես ի սկզբանե դեմ եմ այն պնդմանը, որ եթե գլուխը ցավում է, եկեք այն կտրենք: Եթե Վերաքննիչ դատարանում կան ապաշնորհ դատավորներ, դա դեռ չի նշանակում, որ դատարանն ինքնին վատ դատարան է: Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները հայ հասարակության մեջ շատ կարևոր դեր են կատարում: Այլ հարց է, որ պետք է վիրահատական միջոցներով լճացած մարդկանց հեռացնենք համակարգից»,- նշեց պարոն փաստաբանը:
Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի դատավճիռները անփոփոխ թողնելու գործելաոճին, ապա Գևորգ Գյոզալյանը կարծիք հայտնեց, որ բազմաթիվ դատավճիռներ բեկանվում ու փոփոխվում են Վերաքննիչ դատարանի կողմից. «Այդուհանդերձ, խնդիր ունենք, որ Վերաքննիչ դատարանը պրոֆեսիոնալ կերպով չի գործում, ես ավելի գոհ եմ առաջին ատյանի դաարանի ակտերից, քանի Վերաքննիչի որոշումներից: Վերջինը որակապես ավելի ցածր է, քան առաջին ատյանի շատ ու շատ դատարաններ»,- նշեց փաստաբանը:
Առաջին ատյանի դատարանում գործը մեկ դատավոր է քննում, իսկ Վերաքննիչ դատարանում երեքն են, այդ թվում` նախագահող դատավորը: Կազմի փոփոխությունը դատաքննության չի ազդում, կարծում եմ փաստաբանները:
«Ես տարբերություն չեմ տեսնում մեկ, թե երեք դատավոր: Համենայն դեպս, չեմ հանդիպել մի դեպք, երբ երեք դատավորներից որևիցե մեկը առանձին կարծիքով հանդես գա: Օրենքով նախատեսված է դա, եթե երեք դատավորներից մեկը չունի նույն դիրքորոշումը, այդ դեպքում նա առանձին կարծիքով հանդես գալու իրավունք ունի, սակայն այս ամբողջ ընթացքում նման բան չեմ տեսել: Թեև երեք դատավորներ են Վերաքննիչ դատարանում գործ քննում, սակայն լուծողը լինում է նախագահող դատավորը, այսինքն` այդ առումով Վերաքննիչ քրեական դատարանը շատ բանով չի տարբերվում առաջին ատյանի դատարանից»,- եզրահանգեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Գևորգ Գյոզալյանի խոսքերով` օրենքն ազդարարում, որ երեք դատավորի կազմով քննվող գործերը որակապես այլ մակարդակի վրա պետք է լինեն, սակայն պրակտիկայում բախվում ենք հակառակ իրավիճակին. «Հայաստանում նախագահող դատավորն է որոշում գործի ընթացքն ու ելքը: Որպես կանոն այն երկու դատավորներն անգամ տեղյակ էլ չեն գործի մանրամասներից: Դատական նիստերին մասնակցելիս, տեսնում ենք, որ մյուս երկու դատավորների հարցերը ծագում է դատաքննության ընթացքում, այսինքն` զեկուցողի խոսքից, ակնհայտ է, որ մինչ այդ նրանք չեն ծանոթացել գործին: Տվյալ պարագայում նախագահողը կարող է գործի մասին զեկուցել այնպես, ինչպես իրեն է ցանկալի: Եթե նա շահագրգռված եղավ, կունենանք այն, ինչ ունենք առաջին ատյանի դատարանում, այսինքն` միանձնյա քննություն կլինի»,- եզրահանգեց պարոն Գյոզալյանը: