Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 17 քաղաքացուց խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ «Էլիտէլեկտրոնիքս» ՍՊԸ-ի տնօրեն Է.Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ մի շարք քաղաքացիներ, ապառիկի պայմանագիր կնքելով, պատրաստ են ապրանքն ստանալու փոխարեն գումարները վերցնել և պայմանագրում նախատեսված ժամկետներում վճարումներ կատարել, նպատակադրվել է հիշյալ պատրվակն օգտագործելով գումարներ հափշտակել։
Նախաքննության տվյալներով՝ խարդախության արդյունքում տուժել է 17 քաղաքացի։ Մասնավորապես, համակարգչային 7 տարբեր խանութներում հիշատակված քաղաքացիները վարկավորմամբ էլեկտրատեխնիկա ձեռք բերելու պայմանագրեր են կնքել։ Նրանց համաձայնությամբ՝ Է.Մարտիրոսյանը վերցրել է պայմանագրերով նախատեսված տեխնիկան՝ պարտավորվելով դրանց դիմաց քաղաքացիներին վճարել գումարները, սակայն խոստումը չի կատարել. Ապրանքը վաճառել է, որից գոյացած գումարները ծախսել իր անձնական կարիքների համար։ Քաղաքացիներին պատճառված վնասի չափը գնահատվել է 11.361.000 ՀՀ դրամ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությունն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: