«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 2-ին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունել է միջազգային փորձագետներ Գերհարդ Ռայզներին և Ռուպերթ Դը Կրուզին, ինչպես նաև ներպետական փորձագետներ Մուշեղ Մանուկյանին, Արամ Օրբելյանին և Վահե Ենգիբարյանին: Հանդիպման նպատակը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրման հետ կապված հիմնախնդիրների քննարկումը և դրանց լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների ճիշտ նպատակաուղղումն էր: Այս մասին հաղորդում է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը խոսել է արբիտրաժի և հաշտարարության (մեդիացիայի) ինստիտուտի հետ կապված մի շարք հայեցակարգային խնդիրների մասին: Երվանդ Խունդկարյանն ընդգծել է հաշտարարության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, կարևորել դրա ձևավորման հիմքերի և գործունեության սկզբունքների հստակ օրենսդրական ամրագրումն ու այս համատեքստում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի ներդրման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխություններում:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում հստակ կարգավորում տալ այն հարցին, թե ով կարող է հանդես գալ որպես հաշտարար: Այս կապակցությամբ Երվանդ Խունդկարյանն ընդգծել է, որ թեև այլ երկրներում (օրինակ` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում) առկա է հաշտարարությունը գործող դատավորների կողմից իրականացնելու պրակտիկան, սակայն, ՀՀ դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում վերը նշված պրակտիկայի ներդրումն արդյունավետ լինել չի կարող:
<<Կարծում եմ` առավել նպատակահարմար է քննարկել ոչ թե գործը քննող կամ գործող, այլ պաշտոնաթող դատավորներին որպես հաշտարար ներգրավելու հնարավորությունը>>, – ասել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը:
Վճռաբեկ դատարանի քաղաքացական և վարչական պալատի նախագահը մտահոգություն է հայտնել այն մասին, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող կարգավորումից պարզ չէ, թե ինչ հիմքերի առկայության դեպքում կարող է հաշտարարության միջոցով վեճը լուծելու ժամկետը երկարացվել վեց ամիս ժամկետով, ինչպես նաև կարգավորում չի ստացել այն հարցը, թե հաշտարարություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո դատարանն իրավասո՞ւ է արդյոք որևէ կերպ հետևել հաշտարարության գործընթացին:
Երվանդ Խունդկարյանը նշել է նաև, որ հաշտարարություն նշանակելու վերաբերյալ դատարանի որոշման դեպքում գործի հետագա շարժը, ըստ էության, կասեցվում է, ուստի այդ նպատակով անհրաժեշտ է լրացում կատարել նաև գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը սահմանող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում:
<<Հակառակ պարագայում պարզ չէ, թե հաշտարարություն նշանակելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանն իրավասո՞ւ է արդյոք որևէ գործողություն կատարել, օրինակ` վերացնել հայցի ապահովման միջոցը>>, – ընդգծել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը:
Հանդիպման մասնակիցները, այդ թվում` միջազգային փորձագետներն ընդգծել են բարձրացված հարցադրումների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը և ներկայացրել դրանց լուծման հնարավոր մի քանի եղանակ` վկայակոչելով այլ երկրների լավագույն փորձն ու իրենց պրակտիկան:
Փորձագետների և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական պալատի նախագահի քննարկման շրջանակներում արծարծվել է նաև այն հարցը, թե քանի՞ անգամ և դատավարության ո՞ր փուլերում դատարանը կարող է հաշտարարություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ հաշտարարություն նշանակելու վերաբերյալ որոշում դատարանը կարող է մեկից ավելի անգամ կայացնել և հնարավոր են իրավիճակներ, որ դատաքննության ընթացքում ևս հաշտարարություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն առաջանա:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն ընդգծել է հաշտարարության գործընթացի վերաբերյալ դատարանի տեղեկացման, ինչպես նաև հաշտարարին բացարկ հայտնելու կամ նրանից հրաժարվելու հարցերի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը: Անդրադառնալով արբիտրաժի հետ կապված հարցերին` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը խոսել է ծանուցման ժամկետների, արբիտրաժի վճիռները չեղյալ ճանաչելու և դրանց վերանայման հետ կապված` պրակտիկայում առաջացող մի շարք խնդիրների մասին:
Հանդիպման ավարտին Երվանդ Խունդկարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակին` կազմակերպված քննարկման համար և հույս հայտնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: