«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» հանրային երթի մասնակիցները ՀՀ ոստիկանապետին մի քանի օր ժամանակ տվեցին

Այսօր «Կասեցում» շարժման անդամները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ կառավարության դիմաց, որից հետո Նալաբանդյան փողոցով կազմակերպված երթի միջոցով շարժվեցին ՀՀ ոստիկանություն և պահանջներ ներկայացրեցին ՀՀ ոստիկանապետին` առաջիկա օրերի ընթացքում բացահայտել «Կասեցում» շարժման ղեկավար, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ կատարված բռնության կազմակերպիչներին ու կատարողներին: Ակցիային մասնակցում էին նաև ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ:

Ակցիային և երթին մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Երթի մասնակիցները վանկարկում էին. «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք պահանջում են բացահայտել Արտակ Խաչատրյանի նկատմամբ կատարված ցինիկ և լկտի հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Նա հայտարարեց, որ եթե սեղմ ժամկետներում Արտակ Խաչատրյանի գործը չբացահայտվի և նրան ծեծի ենթարկողները պատժի չենթարկվեն, կուսակցությունը ներկայացնելու է բազմաթիվ հրաժարականների պահանջներ:

Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը, դիմելով ՀՀ ոստիկանապետին, պահանջեց կատարել իր խոստումը և բացահայտել եղբոր նկատմամբ կատարված հանցագործությունը, քանի որ ոստիկանապետը իր ելույթներում միշտ հորդորել է պաշտպանել մեր ժողովրդին:

Հիշեցնենք` Արտակ Խաչատրյանին փետրվարի 7-ին անհայտ անձիք առևանգել են և ծեծի ենթարկել, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նա «Կասեցում» շարժման շրջանակներում պայքարում էր «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վիճահարույց դրույթների դեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել