Այսօր ռուսական մի շարք լրատվամիջոցներ սեփական պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն էին տարածում, որ ՌԴ քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինվորական կոմիսարի նկատմամբ, որը Պերմյակովին բանակ է զորակոչել։ Փոխանցվում էր, որ զինվորականը մեղադրվում է անփութության մեջ, ինչը հնարավոր է, որ դարձել է Գյումրի քաղաքում 2015թ․-ի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիք անդամների դաժան սպանության պատճառը։ Քննիչները կասկածում են, որ զինկոմիսարիատը բանակ է զորակոչել հոգեկան շեղում ունեցող Պերմյակովին՝ միևնույն ժամանակ փաստաթղթերին կցելով զորակոչիկի դրական բնութագիրը։
Իրավաբան.net-ն այս առնչությամբ զրուցեց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: Մեր այն հարցին, թե արդյոք այսկերպ ռուսական կողմը հող չի նախապատրաստում հայկական ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվողին ազատել պատժից` հոգեկան խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ, փաստաբանը պարզաբանեց, որ պետք է տարանջատել այս հանգամանքները. «Հնարավոր է մարդը ունենա առողջական խնդիր, որի հիման վրա նա ազատվի պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից, բայց այդ առողջական վիճակը նրան չդարձնի անմեղսունակ»:
Տվյալ պարագայում պարոն Նորիկյանի խոսքերով` պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության ադյունքներին, որն էլ կտա հետևյալ հարցի պատասխանը. «Հանցագործության կատարման պահին արդյոք մեղադրյալը եղել է մեղսունակ վիճակում, թե՞ ոչ: Եթե փորձաքննությամբ այդ երիտասարդը ճանաչվի անմեղսունակ, հետևաբար նա քրեական պատասխանատվության ենթակա սուբյեկտ չի լինի, իսկ եթե դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն նա ճանաչվի մեղսունակ, ապա անկախ իր հիվանդության բնույթից, նա պետք է դատապարտվի»,- շեշտեց մեր զրուցակիցը: