Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երևույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ կայացել է Երևանի քաղաքապետարանի տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը:

«Երևան քաղաքում ապօրինություններն առհասարակ բացառելու համար 2015 թվականին մենք պետք է ավելի ակտիվ աշխատանքներ տանենք: Հատուկ հսկողություն սահմանեք մեր կողմից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի նկատմամբ և խստորեն հետևեք, որպեսզի շինարարության ընթացքում որևէ խախտում չկատարվի: Ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված կանոնների պահպանումը: Մայրաքաղաքում գործունեություն ծավալող միջազգային շինարարակական կազմակերպությունները, գործելով միջազգային չափորոշիչներին համապատասխան, իրենց կազմակերպված, կոկիկ աշխատանքով օրինակ կարող են ծառայել: Մենք պետք է հասնենք նրան, որ նման մոտեցումը կիրառելի դառնա շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների համար և ձևավորվի յուօրինակ մշակույթ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 71 վարչական արձանագրություն:
«Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու երևույթի դեմ պայքարն իրական արդյունք կունենա, երբ այն դառնա միասնական մոտեցում բոլորիս կողմից: Այս աշխատանքը միայն քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուների ուսերին չէ, որ պետք է լինի: Երևանը բոլորիս մեծ տունն է, և մեզնից յուրաքանչյուրն իր մասով ունի պարտավորություն քաղաքի նկատմամբ և պետք է աջակցի մայրաքաղաքն ավելի մաքուր պահելու գործընթացին: Նախորդ տարեվերջին իրականացված խիստ հսկողության ու նաև արձանագրված դեպքերի հրապարակմամբ որոշակի փոփոխություններ ունեցանք այս մասով: Ուստի համոզված եմ, որ շարունակելով այդ մոտեցումը՝ կունենանք ավելի շոշափելի արդյունքներ: Այս աշխատանքներում ակնկալում ենք նաև ավագանու անդամների և մեր համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը», – հատկանշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում գործող զվարճանքի օբյեկտների աշխատանքի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներն ու, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ օբյեկտների ժամը 24:00-ից հետո գործունեության թույլտվության տրամադրման կամ դրա դադարեցման ուղղությամբ:

«Ստեղծեք աշխատանքային խումբ և ուսումնասիրեք նախորդ տարվա բողոքները: Հիշեցնեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում, հաշվի առնելով մեր համաքաղաքացիներին պատճառվող անհարմարությունները, կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու իրավունքից մենք զրկել ենք նմանատիպ 39 օբյեկտի: Նաև տեղեկացնեմ, որ մեր կողմից մշակվել և ներկայացվել է օրենքի նոր նախագիծ, որով կարգելվի զվարճանքի օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքներում», – ընդգծել է քաղաքապետը:

Մանրամասները՝ ՀՀ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել