Արդյոք մենք ունե՞նք իրավազորություն Պերմյակովի նկատմամբ. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս պահին ասուլիս է տալիս Շիրակի մարզի դատախազությունում: Ասուլիսի վայրից, Իրավաբան.net-ի հանրային թղթակիցը փոխանցում է, որ խոսելով Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամների սպանության գործում որպես մեղադրյալ ներգրավված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործից, գլխավոր դատախազը հայտարարեց.

«Նկատի ունենալով, որ հանցագործություն է կատարվել ՀՀ տարածքում, այս դեպքում ՀՀ-ում կատարված հանցագործության փաստի կապակցությամբ արդեն գործում է ՀՀ իրավազորությունը, հետևաբար դրանով է պայմանավորված, որ մենք հարուցել ենք համապատասխան քրեական գործ ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից և այս պայմաններում իրականացվում է ՀՀ իշխանությունների իրավազորությունը: Դուք այսօր ականատես կլինեք, որ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի մասնակցությունն, ուղղակի ներգրավվածությամբ, այսօրվա ընթացքում համապատասխան քննչական և դատավարական գործողություններ են իրականացվելու ՀՀ օրենսդրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, իրականացվելու են և՛ քննչական, և՛ դատավարական գործողություններ տվյալ անձի նկատմամբ»:

Գլխավոր դատախազը փոխանցեց, որ առկա է «երկակի կատարված հանցագործություն». «Հանցագործություն մեկ` ռուսական իրավազորության և ՌԴ օրենսդրությամբ քննարկման ենթակա հարց, և երկրորդ `ՀՀ օրենսդրության սահմաններում քննարկման ենթակա հարց: Սա այն հարցը չի, որ պետք է մենք զգացմունքային լուծմամբ առաջնորդվենք, մենք գործ ունենք միջազգային իրավունքի, միջպետական հարաբերությունների հետ»: Գլխավոր դատախազի ասուլիսին ուղիղ կարող եք հետևել «Ազատություն» ռադիոկայանի միջոցով:

Նա վստահեցրեց, որ անձը օրենքով սահմանված կարգով ենթարկվելու է խիստ պատասխանատվության:

Լուսանկարը` Ազատության ուղիղ եթերից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել