ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը, ով կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր 2014թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ցուցմունք չի տվել: Իրավաբան.net-ին փոխանցեց դատավորի իրավունքների պաշտպան, փաստաբան Կարեն Թումանյանը:
Հիշեցնեն` ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն` Խաչատուր Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանք: Փաստաբան Կարեն Թումանյանը հաղորդեց. «Դատավորը ցուցմունք չի տվել, որևէ բան չի ասել: Նա իրեն մեղավոր չի ճանաչում»: