Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից որդին Ձմեռ պապուց խնդրել է ականջակալներ. «Ցանկացել է մեծ ականջակալներ: Երբ գներն ուսումնասիրեցի, շատ զարմացա, այն չափազանց թանկ արժեր: Ամեն դեպքում, դա ես չեմ գնելու, Ձմեռ պապն է բերելու, այնպես որ ես ազատվում եմ այդ հոգսից, թող նա մտածի»,- կատակեց պարոն Բաղդասարյանը:
2014 թվականի ամենակարևոր իրադարձությունը պարոն Բաղդասարյանը համարում է Փաստաբանների պալատին նոր շենքի հատկացումը. «Մենք` ես և շատ իմ գործընկերներ մեծ աշխատանք կատարեցինք, որ փաստաբանական համայնքն ունենա իր շենքը: Դա իրականացավ: Բացի այդ, կարևոր է նաև այն հանգամանքը, որ երկար տարիներ մենք ունեինք մի երազանք` հիմնել անկախ փորձագիտական ինստիտուտ, այս տարի հաջողվեց դա մեզ, մենք հիմնեցինք անկախ դատական-փորձագիտական ինստիտուտ, այն իր գործունեությունը կծավալի ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում: Փորձաքննություններն շատ թանկ արժեն, սակայն Հայաստանը հնարավորություն կունենա բարձր տեխնոլոգիաներով կատարել փորձաքննություն և ստանալ ճիշտ տեղեկատվություն, մնում է Հայաստանը քայլ կատարի դեպի եվրոպական երկրներ, որից հետո այլևս հարց չի ծագի, թե որտե՞ղ է եղել վթարը, քննիչը չի կարողանա կեղծել թվերը, որի արդյունքում կփոխվեն մեղավորները»,- նշեց նա: