Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի խոսքերով` 2014թ. լի էր մարտահրավերներով. «Այն ակադեմիայի համար շատ բարդ տարի էր` որպես առաջին տարի: 2014թ.-ը մեզնից պահանջեց ուժերի լարում: Ցանկացած աշխատանք միշտ նման է կիսատ բաժակի, ամբողջապես չես հասցնում, իսկ ինչ-որ բան հասցնում ես, մենք կուզենային ավելին անել, բայց հասցրեցինք այն, ինչ հասցրեցինք»,- ասաց ռեկտորը` նշելով, որ ակադեմիան բարդություններ է ունեցել հատկապես համագործակցության առումով:
«Մեզ համար հատկապես դժվար էր դասախոսական կազմի հետ կապերի ստեղծման աշխատանքի իրականացումը: Այն մեզ հնարավորություն տվեց համարել, որ գործընթացը կարող է ինքնահոս շարունակվել: Մենք ներգրավվեցինք մոտ 70 բարձրակարգ մասնագետների: Ակադեմիայի աշխատակազմի բավականին ծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ մեզ դա հաջողվեց»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ ինչ վերաբերում է Ամանորին, ապա պարոն Մելիքյանը ցանկանում է, որ դեռևս խորհրդային տարիներին եկած ավանդույթները վերացվեն. «Շատ հաճախ Ամանորը վերածվում է սթրեսի, այդ այցելությունները և այլն, պարտադրական ինչ-որ բաներ կան: Ես մի քանի տարի է, փորձում եմ Ամանորը Երևանից դուրս նշել: Այս տարի մեծ չեն այդ հնարավորությունները, որովհետև հունվարին ընտանիքով պատրաստվում ենք նոր անձնավորության ընդունել, այսինքն` կինս կունենա բալիկ, ինչը նշանակում է, որ մենք շատ հեռավոր վայրերում չենք կարող լինել, կարծում եմ Երևանին մոտ կանցկացնենք տոները»,- ասաց ակադեմիայի ռեկտորը:
Խոսելով 2015թ.-ի կարևորությունից նա նշեց, որ այն առանցքային նշանակություն ունի ողջ հայության համար. «Որովհետև Ցեղասպանության 100-ամյակը ընդամենը խորհրդանշական բան չէ, այլ յուրաքանչյուրիս համար ինքնաքննություն իրականացնելու անհրաժեշտություն է և առիթ»,- եզրահանգեց պարոն Մելիքյանը: