Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.
Այսօր առավոտյան ժամը 10.30-ին նշանակված էր հերթական դատական նիստը՝ «ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի գործով՝ ինձ որպես պաշտպան ներգրավվելը ԱԱԾ-ի մերժելու գործողության դեմ բողոքով: Հիշեցնեմ, որ 3 նիստ արդեն հետաձգվել էր, այս մեկն էլ հետաձգվեց՝ դատավոր Ա.Բեկթաշյանի մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառաբանությամբ: Հուսամ, որ նիստի հետաձգման ձևական պատճառը նաև իրականն է, քանի որ չի կարելի բացառել, որ կարող են լինել ինչ-որ այլ ազդեցություններ: Սակայն գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ ո՞րն է այս մերժում-ձգձգումների իրական պատճառը: Միգուցե, իմանանք ապագայում, բայց մի դրական բան ամեն դեպքում առկա է՝ փաստաբանությունը կայանում է մեր երկրում անկախ բոլոր խնդիրներից՝ դժվար է պատկերացնել, որ, օրինակ 10-15 տարի առաջ ԱԱԾ նման հզոր կառույցին կարող էր առհասարակ հուզել փաստաբանի մասնակցությունը իրենց որևէ մի գործով: