Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 23-ը՝ ժամը 08:40-նն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքի 1-ին հարկի պատուհանի ճաղավանդակը, կոտրել ապակին և ապօրինի մուտք գործել բաժանմունքի շենք։ Նյութերի համաձայն՝ բաժանմունքից գաղտնի հափշտակվել է «Դելլ» ֆիրմայի համակարգչի մոնիտոր, իսկ չհրկիզվող պահարանի միջից՝ 121.020 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Կատարվում է քննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու և քննությանը ներկայացնելու համար։