ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.
Ներկայումս դոլարը գերարժևորված է, այսինքն՝ այն արժի ավելին, քան նորմալ պայմաններում կարժենար: Գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիների իրականացումը:
ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառները վերանալուց հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյացիոն ու անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի:
ԿԲ-ը զգուշացնում է, որ քաղաքացիների կողմից անհարկի փոխարկումները փոխարժեքի կայունացման ժամանակ կարող են բերել էական կորուստների: Մեր քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ նման փոխարկումներից,լինել ողջամիտ, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից:
Կենտրոնական բանկը բազմիցս նշել է և մեկ անգամ ևս հայտարարում է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի հնարավորություն տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն: Նման խուճապով փոխարկումները պարզապես անիմաստ են:
ԿԲ-ն իրավիճակը միշտ պահում է վերահսկելի, տիրապետում է գնաճի զսպման բոլոր հնարավորություններին, իսկ գերնպատակը գների կայունությունն է: Գնաճի կարճաժամկետ սպասումների կայունացման և դոլարայնացումը զսպելու համար Կենտրոնական բանկը դեռևս երկու շաբաթ առաջ բարձրացրել է կարճաժամկետ (մեկ օրով տրամադրվող) լոմբարդային վարկերի տոկոսադրույքը մինչև 21 տոկոս: Սա կարճաժամկետ բարձրացում է և հնարավոր է նաև արագ նվազեցնել: Բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո ԿԲ Խորհուրդը իր որոշումը կկայացնի տոկոսադրույքների մակարդակի և գնաճը իր նպատակին վերադարձնելու արագության և ժամանակի մասին:
Գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով: Գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են: Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են:
Օգտվելով իրավիճակից, որոշ տնտեսվարողներ հնարավոր է արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշումը անեն արտարժույթով:
Դա օրենսդրության խիստ խախտում է: ՀՀ-ում դրամական գնանշումները արգելված է կատարել արտարժույթով: ՀՀ-ում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման, աշխատավարձի վճարման գնանշումները պետք է իրականացվեն ՀՀ դրամով (ըստ «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի): Սա նշանակում է, որ երբ քաղաքացին ցանկանում էգնել ապրանք կամ օգտվել որևէ ծառայությունից, ապա ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը իրավունք չունի պահանջել, որ վճարումը կատարվի արտարժույթով (դոլարով կամ եվրոյով):
Նման չարաշահումներ բացահայտելու դեպքում դիմեք պատկան մարմիններին:
Մենք ունենք հուսալի և կայուն բանկային համակարգ: Բանկային համակարգը կայուն է, բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ հանրության բանկային հաշիվները և ավանդները: ՀՀ կենտրոնական բանկը սահմանափակում չի դրել և ոչ մի դեպքում չի դնելու բանկերի վրա՝ հաշիվների և ավանդների սպասարկման կամ այլ ծառայությունների գծով: ՀՀ ԿԲ-ն խստորեն և հետևողականորեն է վերաբերվում այդ հարցին և, այդ դեպքում եթե բացահայտվի, որ բանկերը իրականացնում են որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում՝ հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները, կենթարկվեն խստագույն պատասխանատվության: