Անվտանգ համացանցը՝ փոխադարձ մտահոգության առարկա

Դեկտեմբերի 16-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկում: Այս մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ինտերնետ ծառայության ոլորտի հիմնական դերակատարները և ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: 

Միջոցառումն այս ձևաչափով իրականացվում էր առաջին անգամ: Բացման խոսքով հանդես եկան ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Դավիթ Հարությունյանը: – Մենք ունենք միասնական մեկ նպատակ` հանրությանը մատուցել որակյալ ծառայություններ` ապահովելով օգտատերերի անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, – իր խոսքում նշեց Տիգրան Պետրոսյանը: – Տարիների ընթացքում բավական արդյունավետ համագործակցություն է ծավալվել Ինտերնետ ծառայություն մատուցողների և իրավապահ մարմինների միջև, սակայն անկեղծ լինենք. այդ համագործակցության հիմքում անձնական փոխհարաբերություններն էին և բարի կամքը: Կլոր սեղանի նպատակն է` գտնել այնպիսի մեխանիզմներ և գործիքներ, որոնք թույլ կտան համագործակցությունն անձնական դաշտից տեղափոխել իրավական դաշտ: Մյուս զեկուցողներն էլ նշեցին համագործակցության անհրաժեշտությունը, որը բխում է նաև Հայաստանի կողմից վավերացված` «Կիբերհանցագործությունների մասին» Եվրախորհրդի կոնվենցիայի պահանջներից, պայմանավորված է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2013-14 թվականների բարեփոխումների ծրագրով: Որոշում կայացվեց շարունակել համագործակցությունը` միասնական ջանքերով օրենսդրական կարգավորումներն ապահովելու ուղղությամբ: Փակման խոսքում Դավիթ Հարությունյանը, շեշտելով քննարկման բարձր արդյունավետությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անունից պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես օժանդակել նմանատիպ հանդիպումների կազմակերպմանը և ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը: 

Լուսանկարը՝ police.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել