ԱԺ-ն իրավապահ մարմինների առջև պահանջ է դրել

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին խորհրդարանը գումարել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի և Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ:

Հայտարարության նախագծում ասված է. «Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.

1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,

2. Դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների և քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները,

3. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,

4. Առանձնահատուկ կարևորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,

5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն և բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:

ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները և բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»:

Հիմնական զեկույցում ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր միացել են հայտարարությանը՝ կարևորելով նախագծի ընդունումը Ազգային ժողովի կողմից: Նրա խոսքով՝ այս հայտարարությունը ոչ այնքան վերաբերում է մինչև հիմա կատարվածին, որքան կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի ապագայի համար: Արմեն Ռուստամյանը կարևորել է խորհրդարանի կողմից երևույթին քաղաքական գնահատական տալը: Նա ողջունել է այն հանգամանքը, որ քաղաքական ուժերը, անկախ նրանից, թե որ դաշտում են գտնվում, դատապարտում են այդ արարքները: Պարոն Ռուստամյանի գնահատմամբ՝ ճիշտ կլիներ, որ հայտարարությունը ստորագրվեր բոլոր պատգամավորների կողմից, ինչն ավելի նպատակային և ուժեղ կդարձներ դատապարտող ու կանխարգելող այս հայտարարությունը: Նա ընդգծել է, որ նման երևույթները միահամուռ պետք է դատապարտվեն ու վերացնեն անպատժելիության զգացումը մարդկանց մոտ, այդ անձինք պետք է իմանան, որ որևէ հանդուժողականություն չի կարող լինել այդ արարքների նկատմամբ: Արմեն Ռուստամյանը նման հարցերում կարևորել է քաղաքական բոլոր ուժերի համաձայնեցված աշխատանքը:

Հարցի առնչությամբ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Աղվան Վարդանյանը, Թևան Պողոսյանը, Խոսրով Հարությունյանը, Մարգարիտ Եսայանը, Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Գագիկ Ջհանգիրյանը, Սեդրակ Սարոյանը, Նիկոլ Փաշինյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը քննադատել են վերջին օրերին կատարված դեպքերը և անդրադարձել դրանց հաջորդած իրադարձություններին: Նրանց մի մասը կողմ է արտահայտվել հայտարարությանը, կարևորել խորհրդարանի կողմից դեպքերին քաղաքական գնահատական տալը, իսկ մյուս մասը դեմ է արտահայտվել՝ նշելով, որ ներկայացված տեքստը ընդհանրական է, կոնկրետ լուծումներ չի առաջարկում և իմիտացիոն բնույթ է կրում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում կարևորել է հայտարարության ընդունումը Ազգային ժողովի կողմից: Նա, դիմելով քաղաքական ուժերին, նշել է, որ պետք է բոլորը գիտակցեն, որ ընդհանուր գործ են անում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանում խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի ու դատապարտելի է: Նա կոչ է արել գործընկերներին համախմբվել և հանդուրժող լինել: «Եկեք համախմբվենք և ասենք, որ Հայաստանի խորհրդարանը կարող է դատապարտող տեքստ ընդունել, որն ուղղված է ոչ թե անձերի, այլև՝ երևույթների դեմ»: Նա ընդգծել է, որ անցյալում են այն ժամանակները, երբ մարդկանց կարծիք հայտնելու համար ծեծում էին, թերթեր ու կուսակցություններ էին փակում: Պարոն Շարմազանովը հիշեցրել է, որ քաղաքականությունը փոխզիջումներ է ենթադրում և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկության ժամանակ կգնան փոխզիջման և կողմ կքվեարկեն: Անդրադառնալով հայտարարության տեքստին՝ ԱԺ փոխնախագահը նշել է. «Սրա այլընտրանքը զրոն է, դատարկությունն է, ստվերն է, իսկ սա լույսն է»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, կարևորել է օրենքի գերակայությունը և նշել, որ յուրաքանչյուրն իր արտաբերած բառի համար պետք է պատասխանատվություն կրի:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՅԴ-ն առաջնորդվել է հանդուրժողականության սկզբունքով և հանդես է եկել համատեղ քննարկումների նախաձեռնությամբ: Նրա գնահատմամբ՝ նպատակը պետք է լինի նման երևույթներն արմատախիլ անելը, ոչ թե նեղ խմբակային շահերով առաջնորդվելը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն դատապարտում է նման երևույթները և նշել, որ ներկայացված է քաղաքական տեսանկյունից կոռեկտ և նման դեպքերը դատապարտող փաստաթուղթ: Պարոն Բաղդասարյանը նշել է, որ հայտարարությունը վերաբերում է բոլոր այն երևույթներին, որոնք հակասում են քաղաքական դաշտի կայացմանը: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր խմբակցությունների հետ՝ ունենալու համար 6 քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստաթուղթ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանն անդրադարձել է հնչեցված ելույթներին ու կարծիքներին: Նա շնորհակալություն է հայտնել պատգամավորներին գրավոր առաջարկների համար և նշել, որ դրանք ներառվել են նախագծի լրամշակված տարբերակում:

Պատգամավորները 71 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ  Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել