Ամուսնացել է անչափահասի հետ, սեռական հարաբերություն ունեցել և դատապարտվել

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ քննության է առնվել Կարեն Ավագյանի (անուն-ազգանունը փոփոխված է) դեմ հարուցված քրեական գործը:

Քրեական գործը հարուցվել է օգոստոս ամսին: ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Կարեն Ավագյանն ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Անուշ Հովհաննիսյանի (անուն-ազգանունը փոփոխված է) հետ և համակրել նրան: 2014 թվականի փետրվարի 10-ին Անուշ Հովհաննիսյանի ծնողների համաձայնությամբ նրանք ամուսնացել են:

Դատաքննության արդյունքում պարզվել է, որ Կարեն Ավագյանը նախօրոք իմանալով, որ դեռ չի լրացել Անուշ Հովհաննիսյանի 16 տարին (17.06.1998 թվականին ծնված), և վերջինիս կամքով, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Կատարած հանցագործության համար Կարեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 1-ին մասով (Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՝ սույն օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածներով կամ 140-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

Առաջադրված մեղադրանքում Կարեն Ավագյանն իրեն մեղավոր ճանաչել է, դատարանում նա հայտնել է, որ 2014 թվականի փետրվարի 10-ին ծնողների հետ գնացել են Երևան քաղաք Անուշ Հովհաննիսյանի ձեռքը խնդրելու, վերջինիս ծնողները համաձայնվել են և նույն օրը Անուշ Հովհաննիսյանին իրենց հետ բերել են ՀՀ Գեղարքունիքի մարզի իրենց գյուղ որպես հարս: Այդ օրը իր հայրական տանը, որպես ամուսիններ, Անուշ Հովհաննիսյանի համաձայնությամբ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Կարեն Ավագյանը պատմել է, որ մինչ ամուսնանալը Անուշ Հովհաննիսյանն իրեն հայտնել է, որ դեռ անչափահաս է, սակայն քանի որ նրանք միմյանց համակրել են և ինքը չի իմացել, որ պատասխանատվություն է նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար, սեռական հարաբերություն է ունեցել Անուշ Հովհաննիսյանի հետ:

Ներկա դրությամբ Անուշ Հովհաննիսյանը հղի է և բնակվում է Կարեն Ավագյանի հայրական տանը: Տուժողի հայրը դատարանում նշել է, որ իրենք կողմ են եղել ամուսնությանը և արարողությունից հետո նույն օրը դստերը տարել են գյուղ որպես հարս: Նույնը նշել է նաև ամբաստանյալի մայրը` հավելել, թե հետագայում է իմացել է, որ 2014 թվականի փետրվարի 10-ին իր որդին և Անուշ Հովհաննիսյանը, որպես ամուսիններ սեռական հարաբերություն են ունեցել, սակայն չի իմացել, որ իր որդին ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատժելի արարք է գործում:

Դատարանը, հետազոտելով և գնահատելով գործում եղած ապացույցները հանգել է այն հետևության, որ ամբաստանյալ Կարեն Ավագյանը կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասին, որով էլ ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:

Կարեն Ավագյանը դատապարտել է տուգանքի 100 հազար ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել