Պետությունը պետք է անի ավելին, քան դատարանը. Հովհաննես Մանուկյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները և եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» խորագրով միջազգային համաժողովին:  Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՌԴ կառավարության լիազոր հանձնակատար Գեորգի Մատյուշինը, արտասահմանից ժամանած հյուրեր, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ:  Հովհաննես Մանուկյանը կարևորել է ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների արժևորումն ու դրանց պաշտպանությունն ապահովող համակարգերի առկայությունը: «Այս խնդիրների իրացման հարցում կարևոր դերակատարություն ունեն միջազգային հանրության որդեգրած այն մոտեցումները, որոնք ուղղված են դրանց ամբողջական իրացմանը»,- ընդգծել է նախարարը:

Նա հատկանշական է համարել պետությունների դերակատարությունը իրավական սեփական համակարգերը կատարելագործելու հարցում: «Պետությունը պետք է անի ավելին, քան դատարանը» սկզբունքը նպատակ ունի նվազեցնել հատկապես կրկնվող գանգատների քանակը: Այստեղ առաջնահերթ նշանակություն է տրվում Եվրոպական դատարանի դատական ակտերի կատարման գործընթացին:  Ըստ նախարարի՝ այս նոր գործընթացը ենթադրում է պետության ներսում իրավունքների պաշտպանության ուժեղ համակարգերի ներդրում, որոնք, համագործակցելով քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների այլ հաստատությունների հետ, կապահովեն իրավունքների իրական պաշտպանության համակարգի իրացումը: Հովհաննես Մանուկյանը կարևորել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները և դրանց իրացումը՝ որպես մարդու իրավունքների ապահովման և դրանց գործնական իրացման կառուցակարգերի ներդրման ինստիտուտ:  «ՀՀ արդարադատության նախարարության համար այս հարցերն ունեն հատուկ կարևորություն, քանի որ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման ընթացքում մշտապես քննարկվում և հաշվի են առնվում Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները»,-ասել է արդարադատության նախարարը: Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչին տասնամյա գործունեության կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս ներկայացուցչի գործունեությունը կլինի արդյունավետ, որից կշահի թե՛ պետությունը, թե՛ մեր հասարակությունը:  

Համաժողովի ընթացքում ՌԴ ներկայացուցչը կիսվել է իրենց երկրի փորձով և ներկայացրել ՄԻԵԴ-ում Ռուսաստանի Դաշնության դեմ բողոքների ու վճիռների քանակը, ֆինանսական պարտավորությունների չափը, կատարվել են համեմատական վերլուծություններ: Քննարկվել են նաև ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ բողոքների ընթացքին առնչվող հարցեր, ներկայացվել վիճակագրական տվյալներ, դատավարական կոնկրետ օրինակներ, կարծիքներ են փոխանակվել կառավարությունների լիազոր ներկայացուցիչների գործունեության առանձնահատկություններին վերաբերող հարցերի վերաբերյալ:   

2002 թվականից մինչև այս տարվա սեպտեմբեր Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ: 2014 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 49 վճիռ: Հայաստանի մասնակցությամբ ՄԻԵԴ-ի ընդունած վճիռներով դիմումատուների կողմից 2014 թվականի  նոյեմբերի 1-ի տվյալներով ներկայացվել է շուրջ 15 մլն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 574 հազար եվրոն կամ ընդհանուր պահանջի 3,8 տոկոսը: Եվրոպական դատարանի կողմից բավարարված գումարն ամբողջությամբ փոխհատուցվել է:

Լուսանկարը՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել