Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծում եւ դրանից բխող այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերում արտացոլվել են նաեւ Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների առաջարկները: Ըստ նրա` լրամշակումների եւ խմբագրումների ժամանակ հաշվի են առնվել նաեւ ԱԺ պատգամավորների կողմից առաջին ընթերցման ժամանակ հնչեցրած մտահոգությունները:

Պարոն Մկրտչյանը նշել է, որ բազմաթիվ պատգամավորներին մտահոգության տեղիք տված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն այս փաթեթից հանվել է, քանի որ փաթեթի իրական առաքելությունը մեր երկրում շարժական գույքի վերաբերյալ բոլոր քաղաքացիներին իրավունքների մասին տեղեկացնելն է:

Միջազգային փորձագետ Ջեմի Բոումենը նպատակահարմար է համարել օրենքը կիրառել էլեկտրոնային ռեգիստրի գրանցման միջոցով, ինչը հնարավորություն կտա ավելի էժան, արագ եւ դյուրին տարբերակով իրականացնել գործընթացը: Նա նշել է նաեւ, որ այս դեպքում քաղաքացին քաշքշուկի մեջ չի ընկնի, բանկերն էլ ավելի արագ կարող են սպասարկել քաղաքացիներին:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել