Հակակոռուպցիոն կոալիցիան խուճա՞պ է առաջացրել Վանաձորի քաղաքապետի մոտ (լրացված)

Երեկ ստեղծվեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, այսօր արդեն խուճապային իրավիճակ է ստեղծվել որոշ շրջանակներում: Այսպես` հայկական լրատվամիջոցներից մեկում, որի անունը եթե անգամ ասեք` դժվար ծանոթ լինի ձեզ, հայտնվել է մի նյութ, ավելի ճիշտ` գրառում, որտեղ մեղադրանք է առաջադրվում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ հասցեին` կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Թվում է, թե ի՞նչ խնդիր, որևէ անդեմ կայք հրապարակել է էթիկայի նորմերից զուրկ նյութ, իրականում սա վկայում է այն մասին, որ թաքուն խուճապ է տիրում մարզերում: Այսպես` նշյալ նյութը հրապարակել է Armweeklynews կայքը: Այս կայքի հեղինակը և սեփականատերը Վանաձորի քաղաքապետարանի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետն է` Էդիկ Հովսեփյանը (Տես` լուսանկարում):nkar3333

Նախ այս անձը խախտել է հանրային ծառայողի սկզբունքները (լինելով այս պաշտոնում սեփականատեր է և խմբագիր մի կայքի): Չնայած որ նշված անձի ֆեյսբուքյան էջում հստակ ֆիքսվում է, որ նա է կայքի խմբագիրն ու սեփականատերը, Էդիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում հերքեց իր իսկ ֆեյսբուքյան հաշվում իր իսկ կողմից գրված ակնհայտը: «Պարզապես դոմեյնն է իմ անունով գրված, բայց ես չեմ խմբագիրը: Ես ընդամենը դոմեյնի սեփականատերն եմ»,- փորձեց արդարանալ նա: Բացի այդ նա հանդիսանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականը (արդեն իսկ պարզ է, թե ինչու է Էդիկ Հովսեփյանի կայքն այսկերպ ըմբոստանում կոռուպցիայի դեմ, ի վերջո` նվազագույնը շահերի բախման և բարեխղճության սկզբունքների խախտում է ազգակցական կապերի միջոցով աշխատանքի անցնելը): Այն որ ինքը ազգակցական կապ ունի քաղաքապետի հետ, հաստատեց նաև Էդիկ Հովսեփյանը:

Հակակոռուպցիոն պայքարը սևացնելու այս անձի նկրտումները պայմանավորված են նաև հետևյալ հանգամանքներով.

Նախ ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Արթուր Սուքիասյանը, որպես փաստաբան վերջերս դատական հայց է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանի դեմ` վարչական վարույթը կասեցնելուց ձեռնպահ մնալու և տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցնելու, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին. «Այս հարցով ես քաղաքապետարանից տեղեկատվություն եմ ուզում ու այդ տեղեկատվությունը չտրամադրելու համար կոնկրետ քաղաքապետ Սամվել Դարբինյանին պահանջում եմ ենթարկել վարչական պատասխանատվության»,- փոխանցեց փաստաբանը:

Եվ հետո Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ հանդիսացող ՀԵԻԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղն ու Լոռեցիների միավորում ԲՀԿ-ն ակտիվորեն ներգրավված են Վանաձորի քաղաքապետարանի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացման գործում, ինչը այս դեպքում վերոհիշյալ անբարեխիղճ պաշտոնյայի նմանատիպ արձագանքի կարևոր նախադրյալ կարող էր հանդիսանալ: Նաև ավելացնենք, որ Լոռու մարզից Հակակոռուպցիոն կոալիցայի անդամներ են նաև Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը, Լրագրողների «Սելեն» ակումբը և այլ ՔՀԿ-ներ:

Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ պատկերն ամբողջական չէր լինի առանց քաղաքապետի մասնակցության, այսպիսով` ըստ էության հակակոռուպցիոն պայքարի դեմ արդեն իսկ սկսել են ըմբոստանալ որոշ շրջանակներում, մասնավորապես Վանաձորի քաղաքապետարանում` հանձինս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի:

ՀԵԻԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավար Արթուր Սուքիասյանի փոխանցմամբ կառույցն առաջիկա օրերին պատրաստվում է ՔՀԿ-ների կոալիցիային հաստատմանը ներկայացնել Վանաձորի քաղաքապետարանի գնումների, հանրային ծառայողների ընտրության և քաղաքապետի իրավասության սահմաններում կատարվող կադրային նշանակումների ոլորտների հակակոռուպցիոն մոնիթորինգ իրականացնելու նախագիծ, որի միջոցով հնարավոր կլինի վեր հանել հիշյալ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերը, խնդիրները և խախտումները, դրանք ներկայացել հանրությանը և իրավասու պետական մարմիններին:Edik Hovsepyan FB

(Ավելացումը` դեկտեմբերի 1-ին, ժամը 16:10-ին) Ի դեպ, այս նյութի հրապարակումից հետո, արդեն այսօր Էդիկ Հովսեփյանը հեռացրել է իր ֆեյսբուքյան էջի այն հատվածը, որտեղ նշվում էր, թե ինքը հանդիսանում է Armweeklynews կայքի սեփականատերն ու խմբագիրը (տես` լուսանկարում):

Լուսանկարները` Վանաձորի քաղաքապետարանի կայքից և Էդիկ Հովսեփյանի ՖԲ էջից

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ