Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Եթե դրանից ավելին էլ անեին, երեխան մահանալու էր». Ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործ

Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի գործով այսօր` նոյեմբերի 5-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի անդամ` Երևանի պետական բժշկական համալսարանի Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը:

Հիշեցնենք` դատարանի ապրիլ ամսվա որոշման հիման վրա առողջապահության նախարարը հրաման էր արձակել, որով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար ստեղծվել էր 12 անդամ ունեցող հանձնաժողով (հանձնաժողովի անդամներից մեկը հետագայում հրաժարվել է դրա կազմում աշխատել):

Վկայի հարցաքննության ընթացքում պաշտպանական կողմը նշեց, որ այսօր ամբաստանյալի աթոռներին նստած են մահվան դեպքի ժամանակ ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ աշխատող Մինաս Մկրտչյանը և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ աշխատող Միքայել Միքայելյանը, արդյոք նրանք թո՞ւյլ են տվել մասնագիտական սխալներ, որոնք էլ հանգեցրել են մահվան. «Մարդիկ արել են ամեն ինչ և եթե դրանից ավելին էլ անեին, երեխան մահանալու էր: Իմ կարծիքն է, կներեք, կարող է տգեղ է հնչում, մահը միշտ ցավալի է, բայց նրանք արել են իրենց լիազորությունների սահմանում ամեն ինչ»,- շեշտեց փորձագետը:

Պատասխանելով դատարանի հարցերին Մուշեղ Միրիջանյանը նշեց, որ իրենց դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ հիվանդին բուժող վիրաբույժի գործողությունները ճիշտ են և որ Ջրծաղիկ հիվանդության հետագա կայծակնային զարգացումը ոչ մեկ չէր կարող կանխատեսել: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանի այն հարցին, թե մեկ օր հիվանդը գտնվել է վերահսկողության տակ, սակայն ինֆենկցոնիստը տեղյակ չի եղել, արդյոք հիմնավորված է եղել բաժանմունքի նման գործելաոճը` մասնագետը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ վիրաբույժի կողմից ինֆեկցիոնիստի հետ կապնվելը դա ոչինչ չէր տա: Ինքը ստացել ա հեղուկներ, ինքը անտեր չի մնացել»: Ի դեպ, իր տեղը զբաղեցնելիս բարևեց Միքայել Միքայելյանին և հարցրեց` ինչպես է նա, որին ամբաստանյալը ժպտալով պատասխանեց:

Այսօրվա նիստն ավարտվեց միայն այս վկայի հարցաքննությամբ: Նիստին ներկա չէին տուժող կողմն ու իրավահաջորդը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նախորդ նիստերից մեկին հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել դատաքննությանը, ներկա կլինի միայն դատական վիճաբանությունների փուլին:

Մասնակիցների դատավարական հավասարության սկզբունքի ապահովման համար նախագահող դատավորը հարկ համարեց հետաձգել դատաքննությունը, կրկին ծանուցելով տուժող կողմին, եթե կողմը չներկայանա նաև հաջորդ նիստին, որը նշանակվեց նոյեմբերի 21-իին, ապա դատարանը կհայտարարի դատաքննության ավարտը և կանցնի դատական վիճաբանությունների փուլին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել