Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան մեջ մեղադրվողների գործը փետրվարի 5-ին կարճվեց: Հիշեցնենք` զինվորը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի և նույն զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ Միքայել Միքայելյանին: Պաշտպաններ միջնորդել էին ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառել, դատարանը բավարարել էր միջնորդությունը և գործը կարճվել էր:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը պատրաստվում է վերաքննիչ բողոք բերել: Իրավաբան.net կայքի հետ զրույցում նա ասաց. «Մեր դիրքորոշումը հանգել է հետևյալին, որ երկու ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը մեղմ է: Գործով ձեռք են բերվել փաստեր, որոնց հիման վրա պետք է առաջադրվեր ավելի ծանր մեղադրանք: Մենք համոզված ենք, որ երկու ամբաստանյալներից բացի ևս կան առնվազն երկու անձիք՝ զինվորական հոսպիտալի անձնակազմից, որոնց նույնպես պետք է առաջադրվեր մեղադրանք՝ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, սխալ ախտորոշում տալու, դրա հետևանքով Հայկ Խաչատրյանին մեկ օր ուշացումով ինֆեկցիոն տեղափոխելու փաստերի համար»:
Բացի այդ, ըստ փաստաբանի՝ գործով նաև այլ փաստեր են ձեռք բերվել, որոնք վերաբերում են զորամասին, որտեղ ծառայել է Հայկ Խաչատրյանը. «Պետք է պարզվեին, թե ովքեր են այն պաշտոնատար անձիք, ովքեր Հայկ Խաչատրյանին և նրա հետ նաև երկու ժամկետային զինծառայողների նշանակել են անօրինական զինվորական ծառայության: Գործով պարզվել է, որ 16 ժամ Հայկ Խաչատրյանը ու ևս երկու զինծառայողներ առանց հանգստի, անընդմեջ պարերկային ծառայություն են կրել 2011թ. դեկտեմբեր ամսին՝ ցուրտ եղանակին»,- փոխանցեց փաստաբանը՝ ավելացնելով, որ Հայկ Խաչատրյանի մոտ կայծակնային հիվանդույթունը հենց այս ծառայության հետևանքով է առաջացել. «Հայկ Խաչատրյանի մոտ դիմային նյարդի բորբոքումը, հավանաբար, առաջացել է հենց այդ պատճառով: Այսինքն՝ այդ ուղղությամբ նույնպես մեղավորներին բացահայտելու համար քննություն չի կատարվել: Նախաքննության ավարտական մասում և դատարանում սկսած առաջին օրվանից մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, որ չի կարող համարվել, որ Հայկ Խաչատրյանի կյանքի իրավունքի խախտման փաստով արդյունավետ քննություն է կատարվել պետության կողմից, քանի դեռ պատասխանատվության չեն կանչվում մեր մատնանշած անձիք»,- հաղորդեց պարոն Շուշանյանը: