Վերաքննիչ քրեական դատարանում Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ շարունակվեց Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի դեմ ներկայացված քրեական գործի բողոքի քննությունը:
Նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձինք, չէին ձեռնարկել համապատասխան բժշկական միջոցառումներ ջրծաղիկով հիվանդ զինծառայողին համապատասխան օգնություն ցույց տալու համար, որը առաջացրել էր զինծառայող Հայկ Խաչատրյանի մահը:
Վերոնշյալ քրեական գործը շուրջ 2.5 տարի քննվում էր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Արդյունքում դատարանը որոշել էր կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատական ակտը, որի դեմ բողոք է ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը: Սակայն, նախորդ դատական նիստին ներկա չէին և՛ տուժողի իրավահաջորդը՝ Մովսես Խաչատրյանը, և՛ իրավահաջորդի ներկայացուցիչը: Իսկ այս դատական նիստը շարունակվեց առանց իրավահաջորդի ներկայության: Մուշեղ Շուշանյանն իր բողոքի հիմնավորումներով եղավ շատ կարճ՝ նշելով, որ պնդում է այն ամբողջությամբ, խնդրում է բեկանել առաջին ատյանի որոշումը:
Պատասխանելով փաստաբանին՝ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ որոշում է կայացրել. «Դատական գործընթացն առաջին ատյանում տևել է 2,5 տարի, որը վկայում է այն մասին, որ դատարանն իր իրավասությունների շրջանակներում փորձել է բացահայտել՝ նշանակելով երկու դատաբժշկական փորձաքննություններ: Դատարանը արել է ավելին, քան կարող էր անել»,- ասաց տիկին Էլբակյանը:
Մեղադրող դատախազ Անահիտ Եղիազարյանը, խոսելով վերաքննիչ բերված բողոքից, նշեց, որ առաջին ատյանում հարցաքննվել են և՛ վարակաբանները, և՛ վիրաբույժները, ովքեր բոլորը փաստել են ջրծաղիկի նման տարատեսակի մահի անխուսափելիությունը: Որից հետո դատարանը կիրառել է համաներում:
Արդյունքում տիկին Եղիազարյանը գտավ, որ առաջին ատյանի կիրառած համաներման ակտը պետք է մնա անփոփոխ: Փաստաբան Լևոն Պողոսյանը նշեց, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ իր պաշտպանյալի՝ Մինաս Մկրտչյանի մեղքը չի ապացուցվել: Նա առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը որակեց բազմակողմանի և հիմնավորված:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 21-ին, բայց առանց իրավահաջորդի և նրա ներկայացուցչի, իրենց իսկ խնդրանքով:
Հիշեցնենք, որ զինծառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Տիգրանուհի Հարությունյան
Իրավաբան.net