Հատուկ քննչական ծառայությունում վարույթ է ընդունվել Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանի քրեական գործը:
Այս տեղեկությունը փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը: Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՔՕ 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում):
Հիշեցնենք` Վարդան Ղուկասյանն այն անձն էր, ով 2013թ.-ին Հյուսիսային պողոտայում հարվածել և վիրավորել էր «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանին:
Տեղեկատվության համար նշենք, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` 197-րդ հոդվածի (Նախնական քննության ժամկետները) 2-րդ մասի համաձայն Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը:
3-րդ մասով` քրեական գործի նյութերին մեղադրյալի կամ նրա պաշտպանի ծանոթանալու ժամկետը չի մտնում գործի քննության ժամկետի մեջ: Եթե մեղադրյալը կամ նրա պաշտպանն առանց հարգելի պատճառների ձգձգում են քրեական գործին ծանոթանալը, քննիչի որոշմամբ կարող է սահմանափակվել ծանոթանալու ժամկետը:
6-րդ հոդվածի համաձայն` քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ:
Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով` Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: