Ինչի՞ն կնպաստի տարկետման իրավունքի վերացումը

Տարկտման իրավունքի վերացումը կլուծի Զինված ուժերի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ: Պնդում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Հիշեցնենք` նա և «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ՀՀ կառավարություն են ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով այս փաթեթին, շեշտել է, որ հարցը պետք է քննարկել հասարակության լայն շերտերի հետ:

Թևան Պողոսյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ այս փաթեթը ներկայացրել են` ուսումնասիրելով միջազգային փորձը. «Մենք պետք է կարողանանք մեր սահմաններն անձեռնամխելի պահել: Համաձայն մեր սահմանադրության` արական սեռի ցանկացած ՀՀ բնակիչ, ով հասել է 18 տարեկանի, պետք է գնա ծառայության: Ուսումնասիրելով այն երկրների փորձը, ինչպիսիք են Իսրայելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այլն` եկել ենք այն եզրահանգման, որ մենք նույնպես պետք է անցնենք այս մոդելին»:

Այն հարցին` թե սրանով արդյոք քաղաքացիների կրթություն ստանալու իրավունքը չի՞ խախտվի, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Կրթության իրավունքը հարատև իրավունք է, մարդիկ նույնիսկ 40 կամ 50 տարեկանում իրավունք ունեն դրանից օգտվել: Ասեմ նաև, որ ներկայիս օրենքով` այն մարդիկ, ովքեր բանակում ծառայել են և ընդունվել վարձով սովորելու, պետությունն ինչ-որ ճանապարհով փոխհատուցում է նրանց վարձը: Որևէ մեկի իրավունքը չի խախտվում, մարդիկ կատարում են իրենց պարտքը և կարող են շարունակել կրթությունը»,- շեշտեց պարոն Պողոսյանը:

Այդուհանդերձ պատգամավորը նշեց, որ կան մարդիկ, որոնց պարագայում կլինեն բացառություններ. «Կան մի խումբ, այսդպես ասած` շատ տաղանդավոր մարդիկ, որոնք փայլուն մարզիկ են, երգիչ կամ էլ ահավոր տաղանդավոր ֆիզիկոս կամ մաթեմատիկոս: Համապատասխան չափորոշիչների շրջանակներում կառավարությանը կընձեռնվի իրավունք այդ տեսակի մարդկանց տալ տարեկետման իրավունք: Մյուս բոլորն առանց խտրականությունների կգնան ծառայության»:

Տարկետման իրավունքի վերացումը, նախագծի հեղինակների համոզմամբ` կլուծի նաև Զինված ուժերում մի շարք խնդիրներ. «Տարբեր հարցերի ուսումնասիրության արդյունքնում պարզ է դառնում, որ երբ բանակում ոչ բոլորն են նույն տարիքի տարբեր խնդիրներ են առաջանում, ոչ կանոնադրական հարաբերություններ են զարգանում»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել