Հոկտեմբերի 21-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի, Արդարադատության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց նույն դատարանի նորանշանակ երեք դատավորներին՝ Հարություն Ենոքյանին, Մարգարիտա Հարթենյանին և Գայանե Կարախանյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:
Վերջիններս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 21-ի հրամանագրով:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, շնորհավորելով նորանշանակ դատավորներին, հույս հայտնեց, որ քաղաքացիական մասնագիտացման մեջ փորձառու դատավորների նշանակմամբ՝ կթեթևանա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածությունը և կբարձրանա դատարանի աշխատանքի արդյունավետության մակարդակը: Արման Մկրտումյանի խոսքով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախորդ տարվա պես ծանրաբեռնված է, սակայն ի տարբերություն 2013 թվականի, այս տարի դատարանն աշխատել է թափուր հաստիքի պայմաններում:
Նորանշանակ դատավորների ներկայացմանը հաջորդեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի պարգևատրման արարողությունը. նրանք, կենսաթոշակի տարիքը լրանալու պատճառով, ազատվում են աշխատանքից:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ՝ դատավորներ Իսկուհի Վարդանյանը և Եվա Դարբինյանը բազմամյա գործունեության, արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի և իրենց ծննդյան 65 ամյակի կապակցությամբ՝ պարգևատրվեցին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և հուշանվեր-ժամացույցով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը պատվոգրի է արժանացել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կողմից:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ դատավորների հետ նման հանդիպումների ժամանակ տեղի է ունենում նաև աշխատանքային խորհրդակցություն: Այս հանդիպմանը Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների և դատավորների հետ միասին քննարկեց բեկանումներին, ինչպես նաև դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր:
Լուսանկարը՝ court.am-ի: