3 մեղադրյալ՝ Վարդենիս-Երևան ճանապարհի միջադեպում գրանցված մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ Ծովակ գյուղի բնակիչ Հ.Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի
2014 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 19:00 -ին, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Ռաֆիկի Սարգսյանը, ով գիտակցության չգալով՝ օրեր անց՝ սեպտեմբերի 24-ին, մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲԸ-ում։
Հ.Սարգսյանի որդին՝ Մանուկ Սարգսյանը, 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 18:30-ի սահմաններում, իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս՝ վազանց կատարելու ժամանակ, առջևի համընթաց երթևեկող «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենան փակել է իր ավտոմեքենայի ճանապարհը:
Ինքը կանգնեցրել է ավտոմեքենան, որից հետո «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայից իջած 2-3 անծանոթ անձինք ազդանշան տալու հարցի շուրջ վիճել են իր և իր հոր` Հ.Սարգսյանի հետ, ծեծի ենթարկել իրենց` պատճառելով մարմնական վնասվածքներ, որի պատճառով հայրը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 25.09.2014թ. Հ.Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
02.10.2014թ. Զ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մ. Հակոբյանին հոկտեմբերի 6-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նույն օրվա որոշմամբ, նախ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով, ապա բավարարել է նաև մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը՝ թույլատրելով կալանքի փոխարեն Մ.Հակոբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել