ՀՀ Հարկային ծառայությունը հրապարակել է հաշվետվություն տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով սեպտեմբերի 10-20-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հարկային ծառայության պաշտոնական կայքից:
Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 16 ստուգումների արդյունքում արձանագրվել է 110.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ՎԱՀՄԵՐ» ՍՊԸ՝ 23.4մլն դրամ, «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ՝ 22.6մլն դրամ, «ԱՌՄԲԻԼ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ԷՅ ԹԻ ԷՄ ՍԻ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ՄԱՌՄԵԼ-ԱՐՄԱՆԻ» ՍՊԸ՝ 5.2 մլն դրամ և այլն:
Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 57 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 40-ի մոտ՝ հսկիչ գնումներ և 29-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, արձանագրվել է 4.8 մլն դրամի տուգանք: Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ` 411մլն դրամի չափով:
Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 63 չգրանցված աշխատող և արձանագրվել է 18.7մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԱՐՄԱԴԱ» ՍՊԸ-ի մոտ 22 չգրանցված աշխատող՝ 13.2մլն դրամ, «ԿԱՐԴԻՆԱԼ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի մոտ 8 չգրանցված աշխատող՝ 2.4մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում սեպտեմբերի երրորդ տասնօրյակում 4 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 85.5մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն:
Փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 55 հարկ վճարողի մոտ առաջացել է 55.6մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 70 հարկ վճարողի մոտ աշխատողների թվաքանակն ավելացել է 170-ով և առաջացել է 60.1մլն դրամի լրացուցիչ եկամտային հարկ:
Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 395մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Մանրամասները՝ ՀՀ Հարկային ծառայության պաշտոնական կայքում: