Կառավարությունը պետք է կողմնորոշվի. կարծիքներ «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Վերջին օրերին այն փողոց է հանել բազմաթիվ առևտրականների, ովքեր պնդում են, որ օրենքը վերացնելու է իրենց բիզնեսը:

Խնդրի շուրջ Իրավաբան.net-ը զրուցեց «Կոնցեռն-Դիալոգ» ընկերության տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանի և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

Պարոն Ասատրյանի խոսքերով` այս հարկատեսակի ներդրման գաղափարը լավն է, որը շուտվանից էր դրվել շրջանառության մեջ, նոր կառավարությունն այն կյանքի կոչեց` մեկ վերապահումով. «Պայման դրեցին, որ նաև պետք է պարտադիր փաստաշրջանառությունը օրենքը ապահովի: Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ շրջանառության հարկի գաղափարը ենթադրում է առանց փաստաշրջանառության գործունեություն, որովհետև եթե դրանից առաջ դժվարանում էին մեծ բիզնեսին պարտադրել փաստաթղթեր տրամադրել և դրա պատճառով դժվարանում էր բինզնեսի աշխատանքը, որոշեցին դնել այս հարկը, որով շրջանառությունից կհարկեն` անկախ հանգամանքի` թուղթ կա, թե չէ, նրանց ընդամենը պետք է, որպեսզի ապահովվի շրջանառությունը և դրանից վերցնեն տոկոս»,- նշեց փաստաբանը:

Նրա կարծիքով փոքր բիզնեսը մի շարք մտավախություն ունի. «Որոնցից առաջինը այն է, որ փաստաթղթավորումով իր իրական շրջանառությունը կերևա, և ինքը փոքրից կվերածվի մեծի: Այստեղ շատ դժվար է միանշանակ որևէ բան ասել, որովհետև պետության տեսանկյունից փաստաշրջանառությունը կարևոր է, սակայն կառավարությունը պետք է կողմնորոշվի` կա՛մ շրջանառության հարկ է դնում, կա՛մ էլ ուրիշ հարկատեսակ, օրինակի համար կար պարզեցված հարկ»:

Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց. «Ըստ էության թվում էր, թե լավ գործ է արվում`շրջանառության հարկի նվազեցումը 3,5 տոկոսից մինչև 1 տոկոսի: Այո, հարկային բեռի թեթևացում կա, բայց աշխատանքի ավելացում նույնպես առկա է, որը կապված է փաստաշրջանառության հետ: Իսկ հատկապես փոքր բիզնեսը չի կարող դիմակայել այս դժվարություններին: Պայմանական օրինակ բերեմ` ձեռնարկատերը վճարում էր 100 հազար դրամ, սակայն ներկայումս նրան ասում են` վճարի 2.5 անգամ պակաս, սակայն այս ամենն անելու համար ձեռնարկատերը պետք է պահի մեկ աշխատող, որին վաճառի 100 հազար դրամ: Այսպիսով նրա ծախսերն ավելանում են»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել