«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր ավտոերթ կազմակերպեցին Երևանի փողոցներում: Նրանք մեկնեցին ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դիմաց` պահանջելով ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին պատասխանել իրենց հարցերին:
Ակցիայի ընթացքում ավտոերթի մասնակիցներին մոտեցավ հենց Միհրան Պողոսյանը, ով վիճաբանության մեջ մտավ ակտիվիստների հետ: Նրանցից մեկին դիմելով` պարոն Պողոսյանն ասաց. «Լսեք ուրեմն ես Ձեզ ինչ եմ ասում, դուք կոնկրետ ստեղ, չգիտեմ` ում պատվերն եք իրականացնում», «Ես իմ պատվերն եմ իրականացնում»,- հակաճառեց քաղաքացին, որին ի պատասխան Միհրան Պողոսյանը հորդորեց, որ այլևս պատվերներ չկատարի:
Երկար բանավիճելուց հետո Միհրան Պողոսյանը նախաձեռնության անդամներին հրավիրեց ներս և ասուլիս կազմակերպվեց նրանց համար:
Հիշեցնենք` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պայքարում է վարորդների իրավունքների համար: Նախաձեռնության անդամները ներկայումս փորձում են հասնել նրան, որ մայրաքաղաքից վերացվեն կարմիր գծանշաններով ավտոկայանատեղիները, ինչպես նաև մինչ այս սահմանված տտուգանքները վերանայվեն, իսկ տուգանվածների հանդեպ կիրառվի համաներում: