Այս պահին ՀՀ կառավարության դիմաց ակցիան են իրականացնում մի քանի տոնավաճառների առևտրականներ, որոնց թիվը անցում է 100-ը: Նրանք պնդում են, որ դեմ են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքին:
Իրավաբան.net-ի հետ զրույցում առևտրականները շեշտեցին, որ այսկերպ կառավարությունը կվերացնի ՓՄՁ-ները: Նրանք պահանջում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին իջնել և պատասխանել իրենց հարցերին. «Հիմա կառավարության մոտ հավաքված են հանրապետության բոլոր տոնավաճառներից աշխատակիցներ: Մենք ամեն օր տաղավարների համար 5-ից 10 հազարի չափով հարկ ենք մուծում, սակայն մեր գործը թողել ենք ու եկել այստեղ: Մենք պահանջում ենք, որ վարչապետը լսի մեզ»,- ասաց առևտրականներից մեկը:
Այստեղ նաև փողոցը փակելու կոչեր են հնչում, սակայն առևտրականները պնդում են, որ իրենց ակցիան պետք է իրականանա օրենքի շրջանակներում:
Քիչ առաջ մասնակիցներից մեկը մեկ տասնյակ թակարդներ դրեց կառավարության մուտքի դիմաց, ինչին ընդդիմացան մյուս առևտրականները՝ ասելով, որ իրենց ակցիան միտված չէ որևէ մեկին վիրավորելուն և իրենք չեն պատրաստվում դուրս գալ օրենքի շրջանակներից:
Ակցիան շարունակվում է, սակայն առևտրականներին կառավարության անդամներից որևէ մեկը չի մոտեցել: Այստեղ նաև հայտարարություն հնչեց հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ, սակայն այս առաջարկը նույնպես վերջնականորեն չհաստատվեց ակցիայի մասնակիցների կողմից: