«Օրենքի նախագծերը կարող է չարիք դառնալ գործարարների համար». Սեդրակ Ասատրյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը կարող է չարիք դառնալ գործարարների համար: Պնդում է «Կոնցեռն-Դիալոգ» ընկերության տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյան:

Նա կարծում է, որ նախագծի հեղինակները դրական միտումներով են այն շրջանառության մեջ դրել, քանի որ փաստաթղթի մեջ ներառել են զգուշացման ինստիտուտը, սակայն հաշվի չեն առել  ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի կիրառման պրակտիկան և դրա հետ կապված խնդիրները. «Ամեն ինչ այդտեղից է գալիս, որովհետև հաշվի առնելով կիրառման պրակտիկան` զգուշացման մեխանիզմը ունենալու է ավելի վատ արդյունք»,- նշեց փաստաբանը` հիմնավորելով. «Երբ որ տնտեսվարողը չարամտորեն խուսափելու նպատակ չունի, պարզապես օրենքը մեկնաբանում է մեկ այլ կերպ, իսկ  տեսուչը` մեկ այլ, ապա գործարարը կարող է առարկել, իսկ տեսուչն էլ կիրառել այդ մեխանիզմը` զգուշացնելով նրան: Արդյունքում, եթե գործարարը չկատարի պահանջը, ապա կդառնա չարամտորեն խուսափող անձ: Հենց դա է խնդիրը, այս նախագծով երկու բաղադրիչ է մտցվել շրջանառության մեջ, մեկը զգուշացնելու իստիտուտը, մյուսը այն, որ հարկեր չվճարելն է քրեորեն հետապնդելի արաք: Սակայն հարկեր չվճարելը չի կարող վտանգավոր արարք լինել, եթե տնտեսվարողը հաշվետվությամբ ցույց է տվել ճիշտ ծավալը, սակայն պարտավորությունները տարբեր պատճառներով չի վճարել, չի կարելի նրան մեղադրել չարամտորեն արարք իրականացնող, քանի որ նա չի թաքցրել ոչինչ»,- ընդգծեց փաստաբանը:

Ուստի ըստ պարոն Ասատրյանի` ներկայացված փոփոխությունները չեն կարող արդյունք տալ: Որպես այլընտրանքային տարբերակ նա առաջարկեց. «Ներկայումս առանձնապես խոշոր համարվող գումարի շեմը համարվում է 2 մլն դրամը, սա անընդունելի է, երբ որ ՓՄՁ-ի մասին օրենքով գերփոքր բիզնեսը նախկին տարվա հասույթի 100 մլն դրամ շրջանառությունն է, գոնե գեր փոքր բիզնեսը այդ մահակի տակից հանենք: Հարկավոր է շեմը բարձրացնել, խոշոր և առանձնապես խոշոր համարվող գումարի շեմի խոշոր չափ սահմանել 100-500 մլն ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափ 500 մլն ՀՀ դրամ գերազանցող գումարը (մեկ տարվա ընթացքում), դրանով հնարավորություն տալ գերփոքր և փոքր բիզնեսի նկատմամաբ չկիրառել հարկահավաքության այս գործիքը (նրանց համար պրակտիկորեն ապաքրեականացնելով հանցակազմը)»,- եզրահանգեց փաստաբանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ