«Պրոբացիոն ծառայության ներդրմամբ առնվազն կրկնակի տնտեսում կունենանք բյուջեում». Սուրեն Քրմոյան

Պրոբացիոն ծառայության ներդրումը ոչ միայն կլուծի քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության հարցը, այլ նաև տնտեսումներ կիրականացնի բյուջեում: Վստահեցնում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Մանրամասները` Իրավաբան.net-ի հարցազրույցում:

Կառավարության ծրագրում` մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության արդյունավետ համակարգի բաժնի կարևոր կետերից մեկը պրոբացիոն ծառայությունների ստեղծումն է: Նշվում է, որ այն միտված է լինելու կրկնահանցագործությունը կրճատելու, հանցանք կատարած անձանց հոգեբանական աջակցման և սոցիալական ինտեգրումը խթանելուն: Ինչպես եք պատկերացնում այս դրույքների իրականացումը:

Պրոբացիայի ծառայության ստեղծման փորձը այլ երկրներում վկայում է, որ մենք ունենք բավականաչափ երկար տարիների փորձ: Մենք ուսումնասիրություն ենք կատարել և պարզվել է, որ ներկայումս պատիժը կրող դատապարտյալների և կալանավորված անձանց շուրջ 30 տոկոսը հնարավորություն ունեն պատիժը կրել ոչ ազատազրկման վայրերում: Շուրջ 4000 անձանցից, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում մոտ 3000-ը դատապարտված անձինք են, իսկ մոտ հազարը կալանավորված անձիք: Ընդհանուր առմամբ, այս զանգվածից շուրջ 1300 հոգի կարող է պրոբացիայի ծրագրի շրջանակներում իր պատիժը կրի:

Մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մեջ պրոբացիայի մասին երեք տող է հիշատավում, ուշադրության արժանի է դրանցից ընդամենը մեկը, որը չափազանց մշուշոտ է, պարզապես շեշտվում է` Մշակվում է Հայաստանի Հանրապետոությունում պրոբացիոն ծառայություն ստեղծելու հայեցակարգը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ի վերջո, ե՞րբ է նախատեսվում Հայաստանում ներդնել և գործարկել պրոբացիոն ծառայությունը։

Հայեցակարգն արդեն մշակվել է, և քննարկվել է արդարադատության նախարարին կից հանրային խորհրդում, մինչև սեպտեմբերի վերջ այն կդրվի շրջանառության մեջ և հուսով ենք, որ հոկտեմբեր ամսին այդ հայեցակարգը կընդունվի: Ավելին` զուգահեռ հայեցակարգին մենք նաև իրավական ակտերի նախագծեր ենք մշակել, մասնավորապես հունվար ամսից նախատեսում ենք իրականացնել պիլոտային փորձարկումն այդ ծրագրի, առնվազն երկու պիլոտ` մեկը Երևանում, մյուսը մարզերից մեկում: Մենք ներկայումս աշխատանք ենք սկսել կրթական մոդուլի մշակման ուղղությամբ, որը հնարավորություն կտա համապատասխան մասնագետներ պատրաստել:

Կխնդրեի մանրամասնել, թե կրթական ծրագիրը ե՞րբ կհաստատվի:

Մինչև տարեվերջ նախատեսում ենք, որ այն կմշակենք ու կհաստատենք, հունվարից կսկսվի վերապատրաստման ծրագիրը, որը շարունակաբար կընթանա, մասնագետներ կպատրաստվեն նախ և առաջ պիլոտային տեղամասերում աշխատելու համար:

Այս ծառայության ներդրման հիմնական խոչընդոտը համարվում է հարցի ֆինանսական կողմը, արդյոք այն լուծվե՞լ է:

Իհարկե, ֆինանսական որոշակի տնտեսումներ պետք է ապահովվի բյուջեից: Առաջին տարում շուրջ 840 մլն դրամ պետք ծառայության գործունեության համար տրամադրենք, բայց այնուհանդերձ առնվազն կրկնակի տնտեսում կունենանք, քանի որ մենք կթեթևացնենք ծանրաբեռնվածությունը քրեակատարողական հիմնարկներում:

Ֆինանսավորումը միայն բյուջեից է իրականացնելու, թե արդեն արտասահմանյան դոնոր կազմակերպություններին եք դիմել:

Դոնոր կազմակերպությունները հնարավոր է օժանդակություն տան նախապատրաստական աշխատանքներին, սակայն ծառայության ֆինանսավորումը պետական բյուջեից է իրականացվելու:

Այս ծառայության ներդրումից հետո, արդյոք կոռուպցիոն ռիսկերը չե՞ն ավելանա համակարգում:

Տեխնիկական հագեցվածության շնորհիվ վերահսկելի է լինելու այդ ծառայության գործունեությունը: Չեմ կարծում, որ կոռուպցիոն ռիսկեր լինեն, այդուհանդերձ կփորձենք օրենսդրության մշակման ընթացքում հանրային քննարկումներ իրականացնել, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը ձայնի իրավունք ունենան:

Իսկ ծառայությունը ի՞նչ ազդեցություն կարող է գործել դատարանի վրա:

Այն խորհրդատվական բնույթ է կրելու: Օրենսդրությամբ նախատեսելու ենք դեպքեր, որ դատարանը և նախաքննության մարմինը իրենք են որոշելու, թե կարիք կա դիմելու և պրոբացիայի ծառայության խորհրդատվությունը ստանալ:

Արդյոք կանխատեսե՞լ եք այն բոլոր ռիսկերը, ըստ որոնց հանցանք իրականացնողը կկարողանա ազդել պրոբացիոն ծառայության որոշման վրա, դա լինի կոռուպցիայի տեսքով կամ այլ մեթոդներով, այսպիսով` ազդելով հենց դատարանի որոշման վրա:

Ծառայության կողմից նախապատրաստող ցանկացած հաշվետվություն հիմնվելու է օբյեկտիվ տվյալների վրա, անձի կրթությունը, նրա աշխատանքը, ինչ բնութագրեր ունի: Այսինքն` մեծամասամբ, օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա է հաշվետվությունը կազմվելու, բացառությամբ մի քանի երևույթների, երբ պրոբացիայի ծառայողը պետք է տեղեկատվությունը ստանալու համար հարցազրույցներ անցկացնի տվյալ անձին շրջապատող հարազատների, ընկերների և ծանոթների հետ:

Կցանկանայի հստակեցնե ք, թե ինչ մոդել է որդեգրում Հայաստանը այս ծառայության ներդրման համար, օրինակի համար` ՌԴ-ում նույնպես ջանքեր են արվում կյանքի կոչել այն, նշվում է, որ ամենաարդյունավետը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի մոդելներն են: Դուք որ մոդելին եք առաջնությունը տալիս:

Օգտագործելու ենք եվրոպական լավագույն փորձը, նաև մեր հարևան երկրի` Վրաստանի փորձը, ուսումնասիրել ենք Խորվաթիայի օրինակը և տարբեր այլ երկրների, և նրանց կողմից թույլ տված սխալներից կփորձենք խուսափել: Այլ կերպ ասած, մենք դասական մոդելն ենք ներդնելու: Այն ենթադրում է, որ պրոբացիոն ծառայությունը գործելու է չորս փուլերով: Մինչդատական, այսինքն` մինչև անձի խափանման միջոցի ընտրությունը ծառայությունը պետք է իր համապատասխան հաշվետվությունը տա տվյալ անձի վերաբերյալ, դատական փուլում հաշվետվություն կպատրաստի դատարանի համար, հստակեցնելով, թե արդյոք պետք է, որ տվյալ անձը պատժվի ազատազրկման ձևով: Պատժի կատարման և պատժի կատարումից հետո ծառայության կողմից հսկողություն կիրականացվի: Կարևոր խնդիր է, որ պրոբացիոն ծառայությունը աշխատանք տանի դատապարտյալի ազատվելուց հետո, այսինքն` աշխատանքի տեղավորման հետ կապված և այլն:

Իրավաբան․net

Լուրեր

Իրադարձություններ