ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում առկա հակամարտությունների համատեքստում հայ համայնքի վիճակը և առկա խնդիրները:
Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը ներկայացրեց ծանր իրավիճակում հայտնված հայերին աջակցելու ուղղությամբ տարված աշխատանքները, նա մասնավորապես նշեց, որ գնալով նոսրանում են իրաքահայերի շարքերը, նրանք ստիպված հեռանում են այլ երկրներ:
Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը հանդիպել է վերջերս ձևավորված Իրաքի վարչախմբի հետ, ներկայացրել է հայկական համայնքին, Իրաքի քրիստոնյաներին, եզդիների վիճակին առնչվող խնդիրներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այն միջոցառումները, որոնք կազմակերպելու է Իրաքի հայկական համայնքը:
Թեմը աջակցում է նաև աղետի մեջ հայտնված եզդիներին, հայկական եկեղեցու սրահում ապաստան է տրվել 5 եզդի ընտանիքի: Հոգևոր հայրը ցավով նշեց, որ Մոսուլի շրջանը գրավված է հակակառավարական ուժերի կողմից‚ ինչի հետեւանքով շրջանի ազգաբնակչությունը‚ այդ թվում նաև 58 հայ ընտանիք և ծխատեր քահանան հեռացել են Մոսուլից, բարեբախտաբար մարդկային կորուստներ չեն արձանագրվել:
Քննարկվեցին նաև Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հետ կապված հարցեր:
Լուսանկարը՝ mindiaspora.am-ի: