Քառօրյա նիստերի աշխատանքը շարունակվում է. ԱԺ

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո պատգամավորները շարունակեցին առաջին ընթերցմամբ քննարկել պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նախագծով սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը: Մասնավորապես, սահմանվում է, որ քաղաքացին իր վերաբերյալ կայացված որոշմանը պատշաճ ծանուցված կհամարվի, եթե նա անձամբ կստանա ծանուցագիրը եւ առկա կլինի ստանալու մասին նրա ստորագրությունը:

Նշենք, որ նախագծով սահմանված փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների վարման դեպքում արձանագրված իրավախախտումներին եւ դրանց համար սահմանված տուգանքների բռնագանձումներին:

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, որոշվել է հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել հատուկ ընթացակարգով՝ 24 ժամվա ընթացքում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից ելույթում ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Նախագծի վերաբերյալ դրական էր նաեւ ՀՀ կառավարության կարծիքը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը առաջին ընթերցումով ներկայացրեց իր, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվեց, որ լինում են դեպքեր, երբ հաճախորդի հաշիվը սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը, ստանալով հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշումը, հաճախորդի դրամական միջոցների վրա արգելանք է դնում ոչ թե որոշման մեջ նշված չափով, այլ՝ հաճախորդի հաշվում գտնվող բոլոր դրամական միջոցների նկատմամբ՝ սահմանափակելով սեփականատիրոջ իրավազորությունների իրականացման հնարավորությունները: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

Ներկայացնելով կառավարության տեսակետը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ գործադիրը խմբագրական մի շարք առաջարկներ է ներկայացրել:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել