Ռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առևտրային կաշառք ստանալու համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Վարդան Զոհրաբյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Վարդան Ալբրիկի Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Լևոն Օրբելու անվան համալսարանի» ռեկտոր, օժտված լինելով կարգադրիչ և կառավարչական լիազորություններով, համալսարանի հեռակա իրավաբանական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողուհի Ռուզաննա Ս.-ի օգտին գործողություններ կատարելու համար պահանջել է և 2013 թվականի օգոստոսի 30-ին Ռուզաննա Ս.-ի մայր Ալմազ Ս.-ից ստացել է 250.000 ՀՀ դրամ առևտրային կաշառք, ինչպես նաև 2013 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում կեղծել է իրավունք վերապահող վկայական հանդիսացող, Ռուզաննա Ս.-ի անվամբ լրացված «Լևոն Օրբելու անվան համալսարանի» դիպլոմը, Լիանա Մ.-ի անվամբ լրացված դիպլոմը և Աշոտ Մ.-ի անվամբ լրացված դիպլոմը՝ դրանք հիշյալ անձանց իրացնելու նպատակով:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Վարդան Ալբրիկի Զոհրաբյանին նկատմամբ քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի մաս 3-րդի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի` «Առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:» (200-րդ հոդվածի 3-րդ մաս):

«Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» (325-րդ հոդվածի 1-ին մաս):

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել