Տիգրան Սարգսյանի «հայտնի» և «անհայտ» ունեցվածքը

2014 թվականի ապրիլի 3-ին մեծ աղմուկ բարձրացավ. վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Տիգրան Սարգասյանը դեռևս մեկ ամիս առաջ նման խնդրանքով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը. «Այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»

Դրանից հետո սկսեցին խոսակցություններ ծավալվել Տիգրան Սարգսյանի՝ հավանական պաշտոններ ստանալու մասին: Ամենաշրջանառվող նշանակումը՝ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն էր:

Արդեն հունիսի 26-ին նախագահը հրամանագրեր ստորագրեց, որոնց համաձայն՝ Թաթուլ Մարգարյանն ազավեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, իսկ Տիգրան Սարգսյանը նշանակվեց նրա փոխարեն:

Այս հրամանագրից հետո ԱՄՆ Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսեց՝ ԱՄՆ այս նշանակումը թույլ չտալու նպատակով:

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Մենք գրում ենք ԱՄՆ-ին՝ տեղեկացնելու, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներգրավված է միլիոնավոր դոլարների դրամաշորթության մեջ՝ ներառյալ Կիպրոսի Հանրապետությունում եղած սկանդալները Օգտագործելով իր իշխանությունը Հայաստանում անձնական ֆինանսական շահույթ ունենալու նպատակով՝ խաբեությամբ և դավադրությամբ ազատվել, խուսափել է օրենքով սահմանված պատժից Հայաստանի կառավարության շրջանակներում փորձեր են արվել օգնել Սարգսյանին խուսափելու արդարադատությունից ու պաշտոն ստանալու ԱՄՆ-ում Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն կանխի Տիգրան Սարգսյանի՝ արդարությունից փախչելու փորձը Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն հաշվի առնի Տիգրան Սարգսյանի հանցանքներին մեղսակից լինելը Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը մերժի Տիգրան Սարգսյանին՝ պաշտոն ստանձնելու հարցում»:

Բայց այս ամենը զուր անցավ: Հուլիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Նոր պաշտոն ստանալը Տիգրան Սարգսյանի վրա միայն դրական ազդեցություն է ունեցել: Դրա մասին է վկայում Բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը, որտեղ նշված են Տիգրան Սարգսյանի «ձեռքբերումները» պաշտոնը դադարեցնելու պահին:

Ավելի վաղ Իրավաբան.net-ն անդրադարձել էր նրա եկամուտներին, նշելով, որ 2013 թվականի ընթացքում հայտարարագրել է (հայտարարագիրը ներկայացվել է 2014 թվականի փետվարի 15-ին) 36 միլիոն 423 հազար 442 դրամ: Նշված գումարից 3 միլիոն 344 հազար 568 դրամը Տիգրան Սարգսյանը ձեռք է բերել աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը կազմել է 210 հազար 527 դրամ: Տրված փոխառությունների (վարկերի) ստացած տոկոսը և այլ հատուցումը՝ 32 միլիոն 868 հազար 347 դրամ:

Իսկ հարկային տարվա սկզբում ունեցել է 12 միլիոն 674 հազար դրամ, որը տարվա ավարտին նվազել է՝ հասնելով 5 միլիոն 505 հազար 366 դրամի: Նույն ժամանակահատվածում 920 հազար 823 դոլարն ավելացել է՝ դառնալով 952 հազար 563 դոլար:

Ինչպես նաև, ըստ հայտարարագրի՝ Տիգրան Սարգսյանը հարկային տարում որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել:

Մինչդեռ պաշտոնը դադարեցնելուց հետո պատկերը լրիվ այլ է: Ըստ հայտարարագրի՝ նա ունի 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, 2 անհատական բնակելի տուն հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, 1 ավտոտնակ՝ հողամասի վրա կառուցված առանձին շինություն և մեկ հողամաս:

Թե ինչպե՞ս Տիգրան Սարգսյանն ընդամենը երկու ամսում կարողացավ այս ամենը ձեռք բերել, առաջին հայացքից անհասկանալի է թվում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայտարարագրված գումարներից որևէ դրամ չի ծախսել:

Բայց, 2013 թվականին, Տիգրան Սարգսյանի Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (Տիգրան Սարգսյանը վարչապետ է նշանակվել 2013 թվականի ապրիլի 19-ին), ներառված է նաև վերոնշյալ 2 բնակարանը, 2 անհատական բնակելի տունը, 1 հողամասը և 1 ավտոտնակը:

Ավելին, եթե վարչապետ լինելու ժամանակ ներկայացված հայտարարագրում որևէ տեսակի արժեթղթերը և այլ ներդրումներ նշված չեն եղել, ապա պաշտոնը դադարեցնելու պահին նա ունեցել է 6 միլիոն 390 հազար դրամի բաժնետոմս:

Տեղեկացնենք, որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներառված է եղել 6 միլիոն 335 հազար 920 դրամի եկամուտ, որն ըստ էության մեկ տարվա ընթացքում ավելացել է:

Այսինքն` ստացվում է, որ պաշտոնյաները կարող են հայտարարագրել այնչափ ունեցվածք, որչափ իրենք կցանկանան: Մինչդեռ Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովի նպատակն է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ