Մի՛ անհանգստացեք, մենք օդանավակայանում ասել ենք, որ ինչ Կարեն անունով մարդ անցնի կբռնեն. քաղաքացին բարձրաձայնում է

Դեռևս 2012 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվում էր Կարեն Ալավերդյանին առաջադրված մեղադրանքը:

Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ խարդախության միջոցով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012թ. –ի մարտ ամսին, պարբերաբար այցելելով Լևոն Հարությունյանին, վերջինիցս կրկնօրինակը պատրաստելու և մի քանի օրից վերադարձնելու պատրվակով վերցրել է զգալի չափի հասնող` 100.000 դրամ արժողության չինական ծաղկաման և տիրացել դրան, ինչպես նաև մասնագետի ցույց տալու և գնահատելու պատրվակով վերցրել է մեկ հատ «Պատվոնշան» շքանշան՝ վաճառելով այն 50.000 ՀՀ դրամով:

Լևոն Հարությունյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմեց նախաքննության և դատաքննության մանրամասները՝ նշելով, որ դրանք իրականացվել են խախտումներով:

Նրա խոսքով՝ նախքան ծաղկամանը և շքանշանը գողանալը, Կարեն Ալավերդյանը մի քանի գործարքներ ևս արել է, ինչի արդյունքում ստիպել է հավատալ իրեն. «Մեր հին խալիներն է վաճառել 100 հազար դրամով ու գումարը տվել է մեզ: Քանի որ մենք նման բաներից լավ չենք հասկանում, հավատացի նրան: Դրանից հետո մի օր եկավ և ասաց,որ կարող է ճշտել, թե ինչ արժե իմ հոր շքանշանը: Վստահելով նրան՝ տվեցի և՛ շքանշանը, և՛ գրքույկը շքանշանի»:

Ըստ տուժողի՝ դրանից հետո Կարեն Ալավերդյանն անհետացել է: Ոչ հեռախոսազանգերին է պատասխանել, ոչ էլ վերադարձրել շքանշանը. «Քանի որ իմ զանգերին չէր պատասխանում, ես կնոջս հեռախոսահամարով զանգահարեցի, ինքը միանգամից պատասխանեց: Սկզբում ասաց, որ զբաղված է, բայց կգա, հետո ասաց, որ իր եղբայրը Մոսկվայում է աշխատում, կասի փող կուղարկի: Ամիսը 500 դոլար կվճարեմ քեզ շքանշանի համար ու կվերադարձնեմ քո 30 հազար դոլարը, բայց այդ գումարի մասին ես իրեն ոչինչ չեմ ասել: Պահանջել եմ 10 հազար դոլար»:

Տեսնելով, որ միևնույնն է շքանշանը չի պատրաստվում հետ վերադարձնել և շարունակում է զանգերին չպատասխանել՝ Լևոն Հարությունյանը նրան երկու հաղորդագրություն է ուղարկում, որ կդիմի ոստիկանություն, եթե հետ չվերադարձնի գողացված շքանշանը: Որևէ արձագանք չստանալով՝ 2012 թվականի հունիսի 14-ին հաղորդում է ներկայացնում ոստիկանության Կենտրոնի բաժնում և հենց նույն օրն էլ կատարվածի մասին բացատրություն է գրում. «Ինձ համար շատ տարօրինակ էր ոստիկանության պահվածքը: Նրանք կարծես չէին ուզում բացահայտել այդ խարդախին: Բայց հերթով կպատմեմ: Նախ, ես բացատրություն եմ գրել քննիչ Հակոբ Հակոբյանի մոտ, սակայն այդ բացատրության տակ ստորագրել է քննիչ Գրիգոր Խաչիկյանը: Ես նրանց ցանկացա հանձնել ձայնասկավառակ, որտեղ իմ և Կարենի խոսկացությունների ձայնագրություններն էին, ինչպես նաև այլ տվյալներն շքանշանի մասին, որ կօգնեին ավելի հեշտ գտնել, բայց ինձ ասացին, որ պետք չի:

Ես գտել էի մի կայք, որտեղ գներն են նշված շքանշանների, գտել էի այն հրամանագիրը, որով հորս հանձնվել էր այդ շքանշանը: Ինչպես նաև դիմել էի Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության ոլորտի հսկողության և վերահսկողության պետական դեպարտամենտ՝ նրանց խնդրելով, որ ինձ օգնեն գտնել այդ շքանշանը, քանի որ ես կասկածներ ունեի, որ դա մեր երկրի տարածքից դուրս է բերվել և գտնվում է Ռուսաստանում: Երբ քննիչներին դրա մասին ասում էի, ասում էին, մի՛ անհանգստացեք, մենք օդանավակայանում ասել ենք, որ ինչ Կարեն անունով մարդ անցնի կբռնեն, էդ ժամանակ մենակ անունը գիտեին: Բայց ո՞նց է նման բան հնարավոր: Զարմանալի է, բայց Ռուսաստանից 20 օր անց ինձ պատասխանում են, որ իրենց լիազորությունների շրջանակում համապատասխան քայլեր կձեռնարկվեն»:

Լևոն Հարությունյանի հաղորդմամբ՝ ամբողջ նախաքննության ընթացքում ինքը կատարել է ոստիկանությանը վերապահված լիազորությունները. «Եթե ոստիկանությունն այդքան բան աներ, և արդյունքում շքանշանը չգտնվեր, ես գոնե նրանց շնորհակալություն կհայտնեի: Ինչևէ, բացատրություն ներկայացնելուց հետո՝ հունիսի 19-ին, նորից եմ գնում, որ ներկայացնեմ իմ մոտ առկա փաստերը: Կարենն ինձ մոտ միշտ մի տղայի հետ էր գալիս, ում մեքենան ես գտել էի, նկարել, բայց հետո ինձ ասացին, որ նման մեքենա առհասարակ գոյություն չունի: Բայց նորից ինձ ոչ մեկ չէր պատասխանում: Քննիչն ասում էր, որ սպասեմ, քանի որ զբաղված էր: Հետո, երբ մի քանի օր անց նորից էի գնում, ասում էր հեսա մի երկու օրից կլինի, կհրավիրենք բաժին ու քեզ կկանչենք»:

Տեսնելով, որ սպասելուց որևէ արդյունք չկա, որոշում է դիմել Ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Արթուր Մկրտչյանին. «Ինձ մոտ հեռախոսը վերցրեց զանգեց ու ասեց՝ գործը հարուցեք: Ես ոչինչ չհասկացա: Մոտ մեկ ամիս ես երկու օրը մեկ զանգել եմ, գնացել, բայց որևէ պատասխան չեմ ստացել: Արդեն հուլիսի 18-ին Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի պետ, մայոր Վահան Աղգաշյանն ինձ ասում է, որ գործն ուղարկվել է Կենտրոնի քննչական բաժին»:

Կենտրոնի քննչական բաժնում պարզվում է, որ քրեական գործի նախաքննությունը վարում է Ներսիկ Մխիթարյանը: Վերջինս հանդիպում է նշանակել հուլիսի 19-ին, որպեսզի ներկայացնի գործի մանրամասները, սակայն Լևոն Հարությունյանի պնդմամբ՝ նա ևս ոչնչով չէր տարբերվում գործով զբաղված մյուս քննիչներից. «Նշանակված օրն այդպես էլ հանդիպում տեղի չունեցավ, քանի որ դրանից հետո նա անհետացավ: Միայն հուլիսի 21-ին է հայտնվում և ասում, որ արձակուրդում է եղել ու մի 3 օրից հանդիպում կնշանակի»:

Քննիչի գործողություններից որևէ արդյունք չտեսնելով, մեր զրուցակիցը հուլիսի 26-ին դիմում է Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ հայտնելով, որ իր գործով քննիչներն անգործության են մատնվել և ոչինչ չեն անում հանցագործության բացահայտման համար: Տասը օր անց նրան պատասխանում են, որ նշանակվել է ծառայողական քննություն:

Մասնավորապես.

«Դիմումի հիման վրա ոստիկանությունը ծառայողական քննություն է անցկացնում, իսկ այս գործով անցնող ոստիկանները՝ մասնավորապես ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի 1-ին քննչական բաժանմունքի պետ, կապիտան Էդգար Աղայանը, նույն քննչական բաժանմունքի քննիչ, լեյտենանտ Ներսիկ Մխիթարյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Վահան Աղգաշյանը և նույն բաժանմունքի տեսուչ, լեյտենանտ Գրիգոր Խաչիկյանը ենթարկվել են կարգապահական տույժի»:

Այնուամենայնիվ, քննիչի օգոստոսի 16-ի որոշմամբ Կ.Ալավերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Որպես խափանման միջոց` մեղադրյալի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

2012 թվականի դեկտեմբերի 24-ին գործը վարույթ է ընդունվում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվում դատավոր Գագիկ Պողոսյանին:

Առաջին դատական նիստը նշանակվում է արդեն 2013 թվականի հունվարի 18-ին, սակայն հետաձգվում՝ մեղադրող դատախազի բացակայության պատճառով. «Հաջորդ նիստին այլ դատախազ է գալիս, ով էլ միջնորդում է նիստը հետաձգել, քանի որ ծանոթ չի գործի նյութերին: Մեկընդմեջ նիստերը հետաձգվում էին: Բայց ոչ մեկ ոչինչ չէր ասում: Անգամ իմ պաշտպանը ոչինչ չէր ասում: Դատավորը քնում էր նիստերի ժամանակ: Ես անգամ մի անգամ նկատեցի, որ էդ Կարենը թմրանյութ է իր մոտ պահում, բայց դա էլի մենակ ես նկատեցի: Ինքը նախկինում էլի դատապարտված էր եղել ու հեռուստացույցով նրան ցույց էին տվել թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով»:

Արդեն ապրիլ ամսին՝ մոտ 4 ամիս անց, նշանակվում է ապրանքագիտական փորձաքննություն՝ ճշտելու շքանշանի գինը:

Փորձագետի եզրակացության համաձայն՝ 1939 թվականի «Պատվո նշան» շքանշանի համար կոլեկցիոներների համար կողմից առաջարկվող գինը 2012 թվականի մարտ ամսվա դրությամբ կազմել է 300-500 հազար դրամ՝ կախված համապատասխան փաստաթղթերի առկայությունից, շքանշանի ապրանքային տեսքից և հերթական համարից:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ բացի Լևոն Հարությունյանից, նույն եղանակով չարաշահել է նաև քաղաքացիներ Ելենա Միրզոյանի և Տիգրան Մուրադյանի վստահությունը:

Ելենա Միրզոյանից վերցրել է 500 հազար դրամ արժողությամբ չինական էմալապատ ծաղկամանը և վաճառել 50 հազար դրամով՝ արդյունքում նրան պատճառելով զգալի չափի գույքային վնաս, իսկ Տիգրան Մուրդյանից վերցրել է «Մարշալ Բաղրամյան» շքանշան, վաճառել և գումարը ծախսել իր անձնական կարիքների համար (փորձագիտական եզրակացության համաձայն «Մարշալ Բաղրամյան» շքանշանի գինը 2012 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 5000-7000 դրամ):

Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Կարեն Ալավերդյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանը, ելնելով վերոգրյալ հանգամանքներից, Կարեն Ալավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երեք հանցագործությունններ կատարելու մեջ և 3 դրվագով էլ նրան դատապարել 1 տարի 6 ամիս ազատազրկման յուրաքանչյուր հանցագործության համար:

Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, որպես վերջնական պատիժ՝ նշանակվել է ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև Կարեն Ալավերդյանից հօգուտ Լևոն Հարությունյանի բռնագանձվել է 400.000 դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։

Թեև դատաքննության ընթացքը և կայացված վճիռը Լևոն Հարությունյանին չի բավարարել, այնուամենայնիվ նա Վերաքննիչ դատարան չի դիմել. «Փաստաբանս հավելյալ գումար էր ուզում, իսկ ես այդքան գումար չունեմ: Մանավանդ, որ չեմ վստահում, ո՛չ փաստաբանին, ո՛չ դատարանին, ոչ էլ ոստիկանությանը: Նրանք պաշտպանում էին ոչ թե ինձ՝ տուժողիս, այլ հանցագործին»:

Լևոն Հարությունյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ գլխավոր խնդիրը ոչ թե շքանշանի կորուստն է կամ կատարված խարդախությունը, այլ այն, թե ինչպես են քննություն անցկացնում համապատասխան մարմինները:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ