Աշխատանքի ընդունվողների համար դադարեցվելու է աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը

Կառավարությունում հունիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որը վարել է աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի, ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի, Արժույթի միջազագային հիմնադրամի, Հայաստանում ԵՄ ներկայացուցչության և ԵՄ Թվինինգ ծրագրի ներկայացուցիչները:

«Մեր գործունեության նպատակն է կրճատել, պարզեցնել բիզնեսի եւ քաղաքացիների ուսերին ընկնող կարգավորումների բեռը: Մեր առաջարկները մենք քննարկում ենք շահագրգիռ կառույցների, բիզնեսի հետ, ապա ներկայացնում Բարեփոխումների խորհրդի նիստին», – ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա ներկայացրեց կենտրոնի՝ աշխատանքային իրավահարաբերություններին եւ բնապահպանական եւ բնօգտագործման վճարներին վերաբերող բարեփոխումների առաջարկները:

Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների արդյունքում ստեղծվել են համապատասխան տեղեկատվական բազաներ, որոնք պետական կենսաթոշակային ոլորտում լիազոր մարմնին թույլ են տալիս այսուհետ աշխատողների աշխատանքային ստաժը ստանալ պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանից՝ ինքնաշխատ ձեւով, աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առաջարկվել է աշխատանքի ընդունվողների համար դադարեցնել աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը, իսկ աշխատանքային գրքույկների բացակայության պարագայում աշխատանքի ընդունվողների աշխատանքային գործունեության մասին տեղեկատվությունը գործատուները պահանջեն կենսագրական բնութագրերի միջոցով:

Մեկ այլ առաջարկով հանվում է գործատուի՝ բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս հաշվարկային թերթիկներ ներկայացնելու պարտադրությունը, ինչը թղթատարություն և դրա հետ կապված ծախսեր է կրճատում: Ծախսեր է կրճատվում նաև՝ վերացնելով գործատուի կողմից ընդունված իրավական ակտերը ցուցատախտակների վրա փակցնելու և 5 աշխատանքային օր պահպանելու օրենսդրական պահանջը:

Բարեփոխումների խորհրդի կողմից հավանության արժանացան նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտոնի ներկայացրած մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են բնապահպանության և բնօգտագործման ոլորտներին: Մասնավորապես, բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողներն իրենց հաշվարկ-հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն կստանան: Հաշվետվությունները ներկայացնելու համար կներդրվի նաեւ «մեկ պատուհանի» սկզբունքը:

Առաջակություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Վրաստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Տանզանիայի եւ Չինաստանի փորձը:

Բարեփոխումների խորհրդի մասին
ՀՀ Նախագահի՝ 2011թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Խորհրդի կազմում են ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ՀՀ ֆինանսների նախարարը: ՀՀ Նախագահի հրամանագրով նախանշվել են բարեփոխումների գործընթացում ընդգրկվող 17 ոլորտները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մասին
ՀՀ կառավարության՝ 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը, որի հիմնական նպատակն է էականորեն կրճատել եւ պարզեցնել կարգավորում պարունակող իրավական ակտերը: Կենտրոնի գործունեությանն աջակցում են Ավստրիական զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալությունը, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Համաշխարհային բանկը: Կենտրոնի հետ համագործակցում են նաեւ Արժույթի միջազագային հիմնադրամը եւ Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել