Յուրա Մովսիսյանը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից: Կառավարության հունիսի 26-ի նիստի օրակարգում նման նախագիծ է ներկայացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի կողմից:

«Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2014 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Յուրա Սերգեյի Մովսիսյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Յուրա Սերգեյի Մովսիսյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 606 Ա որոշմամբ Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը: Քանի որ Յուրա Սերգեյի Մովսիսյանի 27 տարին լրանում է 2014 թվականի օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից»,- գրված է որոշման նախագծում։

Լուսանկարը` mediamax.am

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել